Կալիֆոռնիայում միմյանց են բախվել հրշեջ ծառայության երկու մեքենաներ, ինչից հետո մեքենաներից մեկը մխրճվել է ռեստորանի շենքի մեջ: Առնվազն 14 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Մոնտերեյ-Պարկ քաղաքում՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 02.00-ին): Երկու հրշեջ մեքենաները, մեկը՝ Մոնտերեյ-Պարկից, մյուսը՝ հարևան Ալհամբրա քաղաքից ուղևորվել են մարելու քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը:
Տուժածներից 9-ը հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հաղորդվում է, որ տուժածներից 5-ը հրշեջներ են:












































