Yahoo! կորպորացիայի մաքուր շահույթը 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով կրճատվել է 20 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 313.9 մլն դոլար՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության եկամուտը կազմել է 1.132 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն շրջանի 1.140 մլրդ դոլարի դիմաց: Որոնման համակարգից եկամուտն աճել է 5 տոկոսով՝ հասնելով 444 մլն դոլարի, իսկ գովազդից՝ 2 տոկոսով՝ հասնելով 453 մլն դոլարի:
Ընկերությունը ներկայացրել է հաշվետվություն նաև Alibaba համացանցային հսկայից ունեցած եկամուտների վերաբերյալ: Yahoo!-ին է պատկանում Alibaba-ի բաժնետոմսերի 24 տոկոսը: 2013-ի չորրորդ եռամսյակում ընկերության եկամուտն աճել է 66 տոկոսով՝ հասնելով 3.06 մլրդ դոլարի, իսկ մաքուր շահույթն ավելացել ավելի քան կրկնակի՝ հասնելով 1.4 մլրդ դոլարի: Այս առնչությամբ երեքշաբթի Yahoo!-ի բաժնետոմսերի արժեքն ավելացել է 8 տոկոսով՝ հասնելով 36.90 դոլարի:









































