Կիևի կենտրոնում հավաքված Մայդանի կողմնակիցները վերջնաժամկետ են ներկայացրել իշխանություններին՝ հայտարարելով, որ 24 ժամ են տալիս Ուկրաինայի հարավ-արևելքի խռովությունները ճնշելու համար:
Հարյուրապետերի խորհուրդը պահանջել է ՆԳՆ-ի և Անվտանգության ծառայության ուժերի լիարժեք մոբիլիզացիա և արտակարգ դրության սահմանում: Նրանք վստահեցրել են, որ անձամբ պատրաստ են գնալ պաշտպանելու Ուկրաինայի արևելքը: Նրանք իշխանություններից պահանջում են նաև զինել իրենց, այլապես խոստանում են անձամբ զինվել: Այս մասին հայտնում է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը:
Երկուշաբթի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է հրաման երկրի արևելքում հատուկ գործողության մեկնարկի մասին:
Մայդանում կայացած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները ուղղվել են Գերագույն ռադայի շենք: Նրանք պահանջել են Տուրչինովի, կառավարության, հատկապես ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ակտիվիստներն անվադողեր են վառել Ռադայի շենքի մոտ ու իշխանություններից վճռական գործողություններ պահանջել:









































