ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել` երկրում զինված խմբավորումների մարտական ակտիվության առումով: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
Նրա խոսքերով` հեռախոսազրույցի ժամանակ «Պան Գի Մունը հայտնել է իր անհանգստության մասին` ռազմական առճակատման վտանգի ընդլայնման հետ կապված: Նա անհանգստացած է վերջին օրերի բռնություններով: Նա կոչ է անում պահպանել զսպվածությունը` Կիևի և Մոսկվայի միջև: Դա ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորումը գտնելու լավագույն միջոցն է»,- ասել է Դյուժարիկը:
«Նա նաև մտահոգություն է հայտնել շարունակվող անկայության պատճառով, մասնավորապես` այն հաղորդագրությունների, որոնցում ասվում է, որ քաղաքացիական անձիք զինված են, ինչպես նաև երկու կողմերի զինված խմբերի ակտիվության պատճառով»,- հավելել է նա:
Նա նաև նշել է, որ առաջիկա ժամերին Պան Գի Մունը սույն հարցով հեռախոսազրույց կունենա նաև ՌԴ պաշտոնատար անձանց հետ:









































