Հանրային լայն քննարկման են արժանացել Արցախյան հակամարտության շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումները, այստեղ հատուկ ուշադրություն է գրավում հայ- ադրբեջանական շփումներում որոշակի դինամիկայի արձանագրումը:
Այսօր լրագրողների հետ զրուցել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և, պատասխանելով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի վերաբերյալ հարցին, նշել է, որ ՊՆ-ի համար ապրիլյան ռազմական գործողությունների առումով ամեն ինչ պարզ է, և անորոշ հանգամանք չկա:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է իր և կառավարության հասցեին հնչած մի շարք քննադատությունների: Անդրադառնալով հարցին, թե ինչու է վարչապետն անդրադառնում դրանց՝ Սոս Ավետիսյանը նշեց. «Թիրախավորումներն ուղղված են հենց վարչապետին. նա է զբաղվում բանակցություններով: Կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է անում, որ ինքն է ուղիղ արձագանքում և պարզաբանում գործընթացները, որովհետև բազմիցս ասվել է, որ ժողովրդի թիկունքում որևէ պայմանավորվածություն չի լինելու»: Պատգամավորը նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը միշտ է անդրադարձել իրեն վերաբերող նորություններին, դա սկզբունքային մոտեցում է:
Մի կողմից՝ Քաղաքական նոր մշակույթ է, որ երկրի առաջին դեմքն է պարբերաբար անդրադառնում կառավարության հասցեին հնչած գնահատականներին, բայց մյուս կողմից, վարչապետն ինքը նշում է, որ սադրում են ֆեյք նորություններով. այրդյոք ինչքանո՞վ է օգտակար ֆեյք նորություններին արձագանքելը: Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ ֆեյսբուքյան եթերում արձագանքելը նորմալ է. «Դրան հասարակությունը սովորեց հեղափոխության օրերին»: Իսկ թե ինչու է վարչապետն անդրադառնում, քաղտեխնոլոգի կարծիքով՝ պայմանավորված է նաև նրանով, որ կա մեծ տարբերություն վարչապետի և նրա թիմի միջև. «Վարչապետի ասածն այլ կերպ է ընկալվում, թիմի որևէ անդամի ասածն՝ այլ, Փաշինյանի վարկանիշը շատ ավելի մեծ է»:
Ազատ Արշակյանի կարծիքով՝ իշխանական թիմում կա բազմակարծության պակաս: Նախկին պատգամավորի խոսքով՝ կա կոնցեպտուալ խնդիր. «Կա՛մ վարչապետը ղեկավարվում է «Զա մնոյ» սկզբունքով, այսինքն՝ ինքն առաջինն է, կա՛մ այլ սկզբունքով՝ «Առա՛ջ, ես վերջին խոսքը կասեմ»: Վարչապետն առաջին կրակն իր վրա է վերցնում: Կարծում եմ՝ թիմակիցների մեջ հզոր ինտելեկտուալ ուժեր կան, վարչապետը պետք է նրանց առաջ մղի, ամեն ինչի համար թիմը պետք է կռիվ տա, ավելի ճիշտ կլինի, որ վարչապետն իր վճռական խոսքը վերջում ասի»:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ եթե օրակարգը վտանգվում է, պետք է պարզաբանել, և գործի է անցնում վարչապետը. «Կար ժամանակ, որ նա կարծես «պաժառնիկ» էր դարձել ու այստեղ-այնտեղ հրդեհներ էր մարում, ու ինքն էր սկսում ամեն ինչի համար պատասխան տալ, սա է այս իշխանական թիմի խնդիրը»:
Իշխանության ընդդիմախոսի այն պնդմանը, թե արցախյան բանակցությունները մտել են փակուղի, վարչապետը հակադարձեց՝ նշելով, որ կա որոշակի դինամիկա և փաստացի համեմատաբար ավելի խախաղ ժամանակաշրջանում ենք ապրում: Ազատ Արշակյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բանաձևերն Արցախյան խնդրի վերաբերյալ շատ դինամիկ են… «Չգիտեմ ինչ են մատծում նրանք, ովքեր ասում են դինամիկա չկա, փակուղի է, դա, ըստ էության, Բաքվի կարծիքն է, և մեզ մոտ էլ կրկնում են հայոց լեզվով… Արցախի հարցում, հակառակը, արագ ենք շարժվում, հարկավոր է արգելափակել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































