Քուվեյթում կանանց որպես սպասուհի վաճառել են հանրահայտ հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով: Գովազդները տեղադրվել են Google-ի և Apple-ի ծրագրերում, ներառյալ Instagram-ը: Վաճառքը խթանելու համար, օրինակ, օգտագործել են #maids for sale (վաճառվում են սպասուհիներ) հեշթեգը։
Դրա վերաբերյալ հետաքննություն են սկսել BBC-ի լրագրողները: Հրապարակման տարածումից հետո Քուվեյթի իշխանությունները պահանջել են, որ ստրկավաճառները ջնջեն հաշիվները, նաև ստիպել են մարդկանց թրաֆիքինգով այլևս չզբաղվելու իրավական պարտավորություն ստորագրել: Երկրի աշխատանքային ռեսուրսների վարչության պետ Մուբարաք ալ-Ազիմին ասել է, որ ինքը հետաքննություն է անցկացնում մի ոստիկանի և մի քաղաքացուհու դեմ, որոնք հավելվածի միջոցով Գվինեայից 16-ամյա մի աղջկա են վաճառել: Երկուսն էլ դերակատարում ունեն BBC-ի նյութում: Հետաքննության արդյունքը կարող է լինել ձերբակալությունը և տուժածին փոխհատուցման վճարումը:
Ինստագրամն իր հերթին հայտարարել է, որ ջնջել է բոլոր ստրկավաճառության գովազդները թե՛ այս սոցիալական ցանցում և թե ֆեյսբուքում:









































