«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ակումբի կազմում անցկացրած հանդիպումների քանակով գերազանցել է նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի ցուցանիշը, ով ներկայումս զբաղեցնում է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի պաշտոնը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը երեկ մասնակցել է Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրի «Ալմերիա»-ի դեմ մրցավեճին, որը նրա համար 228-րդն էր մադրիդցիների կազմում. Զիդանը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Բենզեմայի ցուցանիշը լավագույնն է «Արքայական ակումբ»-ի կազմում երբևէ հանդես եկած ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում: Զիդանն ընթանում է երկրորդ հորիզոնականում: Լավագույն եռյակը եզրափակում է Կլոդ Մակելելեն, ով «Ռեալ»-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 145 անգամ: Չորրորդ տեղում ընթացող Լասանա Դիարան ակումբի մարզաշապիկը հագել է 117 հանդիպումներում:
Պետք է ընդգծել, որ Բենզեման «Ռեալ»-ի կազմում արդեն դարձել է 110 գոլի հեղինակ: Սա նույնպես լավագույն արդյունքն է ֆրանսիացի այն խաղացողների շրջանում, ովքեր երբևէ պաշտպանել են իսպանական ակումբի մարզական պատիվը:








































