Օվկիանոսի հետազոտությամբ զբաղվող OCEARCH ոչ առևտրային կազմակերպությունը մեծ սպիտակ շնաձուկ է հայտնաբերել, երբևէ գրանցվածներից երկրորդը խոշորությամբ:
Գիշատչի չափերը ապշեցնում են. երկարությունը 4.9 մետր է, իսկ քաշը՝ 942 կիլոգրամ: Էգն արդեն ստացել է Ունամակի անունը, որը Ամերիկայի բնիկների լեզվից թարգմանաբար նշանակում է «մառախուղի երկիր»: Նշագրելուց և ազատ արձակելուց հետո կենդանին ուղղվել է դեպի հարավ՝ Ֆլորիդայի ափերը, որտեղ մեծ աղմուկ է բարձրացրել:
Անհանգստացած տեղի բնակիչները մտավախություն են հայտնել ափամերձ տարածքում հրեշատիպ գիշատիչների առկայության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Ֆլորիդայի վայրի բնության և ձկների հանձնաժողովը հաստատել է, որ տարվա այս ժամանակահատվածում առավել շատ շնաձկներ են լողում են դեպի ափերը:
Հետևաբար, զբոսաշրջիկներին և արևելյան ափի բնակիչներին խորհուրդ է տրվում միշտ իրազեկ լինել և ավելորդ անգամ ռիսկի չդիմել: Այնուամենայնիվ, իշխանությունները նշել են, որ շնաձկների հարձակումները, ավելի շուտ, բացառություն են կանոնից:
»Շնաձկների հարձակումները նախկինի նման հազվադեպ են. հավանականությունը, որ ձեզ կհարվածի կայծակը 30 անգամ ավելի մեծ է, քան որ ձեզ կկծի շնաձուկը»,- ասել է Ֆլորիդայի վայրի բնության և ձկների հանձնաժողովի ներկայացուցիչը, փոխանցում է New York Post-ը:












































