Պուտինի համարձակ ռազմավարությունն ուղղված է կայսերական երազանքի վերականգնմանը, իսկ Ուկրաինան դրա անխուսափելի մասն է՝ կարծում է La Repubblica թերթում լույս տեսած հոդվածի հեղինակ Բեռնարդո Վալլին:
Ըստ նրա՝ Կրեմլի իրական նպատակը Կիևը դաշնային պետության ներսում չեզոքացնելն է:
«Ուկրաինան պետք է դառնար հիմնական բաղադրիչներից մեկը Ռուսաստանի շուրջ միավորման ստեղծման համար, որը կարող էր փոխհատուցել Սովետական Միության փլուզումը: Սրանով կարելի է բացատրել ճգնաժամի անխուսափելի երկարացումն ու խորացումը:
Նախագահական քարոզարշավը ծանր փորձություն է Կիևի համար, որը ստիպված է կտրուկ արձագանքել ռուսամետ ակտիվիստների չենթարկվելուն և միաժամանակ առիթ չտալ արևելյան սահմանի մոտ կենտրոնացած Պուտինի զորքին:
Մոսկվան, իր հերթին, հազարավոր գայթակղությունների է ենթակա: Չէ՞ որ Ուկրաինան անհրաժեշտ է իր ծրագրերի համար, և Կիևի՝ դեպի Արևմուտք կողմնորոշված կառավարությունը կարծես դանակ լինի»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Խորհրդային Միության փլուզումը, ինչը Պուտինն անվանել է ХХ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ, Կրեմլի ղեկավարի և շատ ռուսների շրջանում կորցրած տերության կարոտախտ է առաջացնում: Պուտինի համարձակ ռազմավարությունն ուղղված է կայսերական երազանքի վերականգնմանը, իսկ Ուկրաինան դրա անխուսափելի մասն է»,- գրում է հեղինակը:
«ԽՍՀՄ-ը Բելովեժյան անտառում թաղած գերեզմանափորները ստեղծեցին ԱՊՀ-ն, որի մասին դժվար է խոսել որպես հաջողված նախագծի: Ուստի նորից երևան է հանվել Եվրասիայի վաղեմի գաղափարը, որը մշտապես առկա է ռուսական քաղաքականության և մշակույթի մեջ: Նախկին սովետական տարածքն այլ ձևով վերաստեղծելու ծրագիր է ի հայտ եկել:
Եվրասիական միությունը պետք է տնտեսական և ռազմավարական առումով հակադրվի ԵՄ-ին, այն պետք է տարածվի Բալթիկայից մինչև Վլադիվոստոկ և զսպի Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայի հանրապետությունների վրա»,- ասված է հոդվածում:
«ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացումը համազոր էր Եվրասիական միությունից, որը Մոսկվան է ստեղծում, Ուկրաինայի անջատվելուն, իսկ առանց Ուկրաինայի Պուտինի նախագիծն անիրագործելի էր դառնում: Ուկրաինան վերադարձնելու համար Պուտինը կշարունակի երկու դաշտով խաղալ: Ռուսաստանում հայրենասիրական կոչը նրան հնարավորություն կտա լայն աջակցություն ստանալ:
Ուկրաինայում նա կարող է խաղալ, ինչպես դա եղավ Ղրիմում, արդյունաբերական և լեռնահանքային շրջանների բնակչության ռուսամետ շերտի տրամադրությունների վրա: Եթե որևէ ծայրահեղ որոշում չընդունվի, Մոսկվան կարող է խաղադրույք անել դաշնային պետության վրա, որն Ուկրաինայի յուրատեսակ «չեզոքություն» է ենթադրում: Բայց մենք դեռ ճանապարհի կեսին ենք»,- գրում է հեղինակը:










































