«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
– Պարոն Սահակյան, նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, թե ինքն այլեւս չի ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Ու եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ընտրի խորհրդարանական կառավարման համակարգը, ապա վարչապետ էլ չի դառնա: Մեկնաբանություններ են հնչում, թե սա հեռացող, իշխանություն հանձնող նախագահի կեցվածք է:
– Ուրիշ բանուգործ չունեն, մեկնաբանում են: Նախագահը գտնում է, որ երկու անգամից ավելի չի կարելի նախագահ լինել: Դա նշանակում է, որ բոլորը պետք է ազատ քննարկեն սահմանադրական բարեփոխումները եւ վերջնական որոշման հանգեն: Դա դրական միտում պիտի ձեւավորի:
– Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը նախատեսում է ուժեղացնել Ազգային ժողովի դերակատարությունը: Միգուցե Ս. Սարգսյանը մտածում է իր նախագահության ավարտից հետո դառնալ ԱԺ նախագահ:
– Դա արդեն այսօրվա քննարկման բան չէ, նախագահն այսօր երկրի նախագահն է, եւ նման քննարկումները մանավանդ մեզ հետ պատշաճ չեն:
– Տեղեկություններ են շրջանառվում, որ Դաշնակցություն կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմելու, հատկապես, որ այդ կուսակցության ղեկավարները չեն մասնակցել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ղեկավարների հանդիպմանը:
– Ես կարծում եմ, որ գործող կոալիցիան կպահպանվի:
– Նոր անդամներով չի՞ համալրվի:
– Դեռ քննարկումները չեն ավարտվել:
– Այդ պատճառո՞վ երեկ ՀՀԿ-ն չհայտնեց նոր վարչապետի անունը:
– Միայն վարչապետի թեկնածության հարցը չէ, կառավարության կազմն էլ պետք է որոշվի: Բայց քաղաքական կոնսուլտացիաները դեռ չեն ավարտվել: Սահմանադրության պահանջ է, որ քաղաքական կոնսուլտացիաներ պիտի անցկացվեն, նոր որոշում կայացվի:
– Բայց չէ՞ որ այդ կոնսուլտացիաների շրջանակում Ս. Սարգսյանը երեկ հանդիպել է ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի ե ՀՅԴ-ի հետ:
– Երեկ հանդիպել է, բայց այդ հանդիպումից հետո կուսակցություններն էլ իրենց մոտ մեկ անգամ եւս քննարկում անցկացնելու խնդիրներ ունեն:
– Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին կոալիցիա մտնելու առաջարկ արե՞լ է:
– Մենք որեւէ մեկին կոալիցիա մտնելու առաջարկ չենք անում: Տեսակետներ են փոփոխվում, կոնկրետ ՀՅԴ-ն ասում է, թե իրենց 7 կետերը որքանով ընդունելի լինեն, այդքանով էլ համագործակցություն կձեւավորվի: Ընդունելի չի լինի, ուրեմն չի լինի համագործակցությունը:
– ԲՀԿ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացրել:
– ԲՀԿ-ն պարզապես ցանկանում է խորամուխ լինել տնտեսական ծրագրերում, բայց ուղղակի համագործակցության մասին խոսք չկա:
– ԲՀԿ-ն Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետ հաղորդագրություն է տարածել, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Հնարավո՞ր է ԲՀԿ-ն պարզապես դեմ է Ս. Սարգսյանի հայտարարած այն սկզբունքին, որ մեկ մարդը երրորդ անգամ չպետք է դառնա նախագահ: Եվ ԲՀԿ-ն այդպիսով միջնորդավորված արտահայտում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դժգոհությունը այդ սկզբունքի նկատմամբ:
– Դա ձեր անալիզն է, ես նման անալիզ չունեմ: Կարո՞ղ եք ցույց տալ որեւէ եվրոպական պետությունում կամ Ամերիկայում երկու անգամից ավելի նախագահ դառնան: Չեմ կարծում, թե նման բան կա, բացի այդ` բարեփոխումները քննարկվում են, եթե այլ տարբերակ առաջարկվի, եւ մեծամասնությունն այդպես ուզի, այդպես էլ կարվի: Դա դեռ հայեցակարգ է, Սահմանադրություն չէ:
– Թեեւ դեռ չեք հայտնում, թե ով է ձեր նոր վարչապետը, բայց կարծիք կա, որ ամենահավանական թեկնածուն Հ. Աբրահամյանն է:
– Իհարկե, կարող է ես շատ բան գիտեմ, բայց պիտի պաշտոնական տեսակետ լինի, որ ասեմ:
– Ս. Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ ինքը կողմնակից չէ խորհրդարանական կառավարման համակարգին: Իսկ ՀՀԿ-ն կողմնակի՞ց է:
– Մեր կուսակցությունն ընդհանրապես դրան կողմնակից չէ:
– Փաստորեն, հանձնաժողովն այնքան անկախ է գտնվել, որ նախագահի եւ իշխող կուսակցության ցանկություններին հակառակ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նման սկզբունք է ներառել:
– Հակառակ բանը չի արել: Քննարկվում են կառավարման թե կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման տարբերակները: Եվ քննարկումների արդյունքում կձեւավորվի մի տարբերակ, որը կդրվի հանրաքվեի:
– Այդ հայեցակարգում սկզբունք կա, որ նախագահը չպետք է լինի որեւէ կուսակցության անդամ:
– Դրանք դեռ հայեցակարգային խնդիրներ են, բայց իմ կարծիքով, աբսուրդ բան է գրված, որովհետեւ դա մարդու իրավունքների խախտում է: Ի՞նչ է նշանակում կուսակցական լինի, թե ոչ: Այստեղ էլ հարված ենք հասցնում կուսակցություններին: Բայց չէ՞ որ ամբողջ համակարգը, քաղաքականությունը կուսակցություններն են որոշում: Այնպես որ` քննարկման խնդիր է, տարբեր տեսակետներ կլինեն:









































