Մեր հասարակության մեջ կա ընկալում, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը մինչև վերջ բացահայտված չէ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
Նրա խոսքով, թե որքանով է այդ ընկալումը համապատասխանում իրականությանը, սա իհարկե, համապատասխան կառույցները և մասնագետները պետք է պատասխանեն։ «Ես նրանց փոխարեն չեմ ուզում պատասխանել, բայց այդ ընկալումը, որ կա, դա լուրջ գործոն է և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այդպես չլինի։ Այսինքն եթե մինչև վերջ բացահայտված է գործը, բոլորը պետք է իմանան, որ մինչև վերջ բացահայտված է։ Իսկ եթե մինչև վերջ բացահայտված չէ, համապատասխան գործողությունները կատարվեն և որևէ մեկի մոտ մութ հարցեր չմնան այս գործի հետ կապված»,-ասաց նա։
Զոլյանը հիշեցրեց, որ օրինակ Հոլոքոստի հետ կապված հրեաների մոտ տարածված արտահայտություն կա, որ դա երբեք այլևս չպետք է կրկնվի.
«Մենք էլ այս դեպքի հետ կապված պետք է որոշում կայացնենք որպես հասարակություն, որպես պետություն, որ նման երևույթը երբեք չպետք է կրկնվի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու դա հնարավոր դարձավ»։







































