ԱՄՆ ռազմածովային ուժերի Donald Cook ականակիր նավն ու ֆրանսիական հետախուզական Dupuy de Lome ռազմանավը, որոնք ուղևորվում են Սև ծով, անցնելով Դարդանելի նեղուցը՝ դուրս են եկել Մարմարա ծով: Այս մասին հայտնում է Cumhuriyet թուրքական պարբերականը:
Պարբերականի կայքում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ամերիկյան ռազմանավը շարժվում նեղուցով: Պարբերականի տվյալներով՝ այն նեղուցի ջրեր էր մտել առավոտյան ժամը 7.00-ին (Երևանի ժամանակով՝ 08.00-ին) և մեկ ժամ անց հասել Մարմարա ծով: Նրան ուղեկցում են Թուրքիայի առափնյա պահպանության մոտորանավակները: Նավը զինված է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով: Այն Սև ծովի ջրային տարածքում կմնա 21 օր: Ֆրանսիական նավը նեղուց է մտել ամերիկյան ականակիր նավից մեկ ժամ անց:
Donald Cook-ն ամերիկյան զինված ուժերի երրորդ նավն է, որ վերջին շրջանում ուղարկվել է Սև ծով: Առաջինը՝ Taylor հրթիռայն հածանավը, ուղարկվել էր Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովմանն աջակցելու համար: Մարտին ամերիկյան Truxtun ականակիր նավը Սև ծով էր մտել՝ մասնակցելու բուլղարական և ռումինական նավերի հետ համատեղ զորավարժություններին:
Համաձայն նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի՝ դեպի Սև ծով ելք չունեցող երկրների ռազմանավերը կարող են ջրային տարածքում մնալ 21 օրից ոչ ավելի:









































