Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնելու համար օրինական ուղիներ փնտրել, հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար ԱրթուրՄասը: Այս մասին է փոխանցում RIA Novosti-ն:
Հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Իսպանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեին կողմ էր քվեարկել: Այդ ժամանակ որոշմանը աջակցել էին 87 պատգամավորներ, 43-ը դեմ էին քվեարկել, իսկ 3-ը ձեռնպահ են մնացել: Սակայն, երկրի Սահմանադրական դատարանը Կատալոնիայի խորհրդարանի որոշումը անօրինական է ճանաչել:
Ապրիլի 9-ին իսպանական խորհրդարանը դեմ է քվեարկել Կատալոնիայում հանրաքվեի անցկացմանը: Հանրաքվեին դեմ են քվեարկել 299 պատգամավորներ, 47-ը՝ կողմ, միայն մեկն է ձեռնպահ մնացել:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նշել է, որ երկրի սահմանադրությունը արգելում է այդպիսի հանրաքվե անցկացնել. Կատալոնիայի անկախության վերաբերյալ իր կամքը պետք է արտահայտի ամբողջ իսպանացի ժողովուրդը:
Արթուր Մասը հանրաքվե անցկացնելու գաղափարին աջակցելու համար Մադրիդ չէր ժամանել: Սակայն, քվերակությունից ընդամենը մի քանի րոպե անց իր նստավայրից հայտարարել է. «Խորհրդարանը կարող է մերժել մեր օրենքը: Սակայն այն չի կարող կանգնեցնել կատալոնական ժողովրդի կամքը»:
Բրիտանական The Guardian-ը իսպանիայի խորհրդարանում կատարվածը համարում է «վերջին քայլը, որով Մադրիդն ու Բարսելոնը քաղաքական փակուղում հայտնվեցին»:
Neue Züricher Zeitung հրատարակչությունը նշում է, որ Կատալոնիայում անջատողական ալիքը բարձրացել է տնտեսական ճգնաժամի հետ միասին: Տեղի իշխանություններն ու բնակչությունը իրենց դժգոհությունն են հայտնում շահույթի տեղաբաշխման վերաբերյալ, որոնք հարկերը վճարելուց հետո սուբսիդացիաների և ներդրումային ծրագրերի տեսքով վերադառնում են մարզին: Կառավարությունը չի ընդառաջել մարզի իշխանություններին, որոնք առաջարկում են մարզի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:
Կատալոնիային բաժին է ընկնում Իսպանիայի ՀԱ-ի գրեթե 25 %-ը:








































