«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ներկայացնելով ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանին և խոսելով փառատոնին նրա ֆիլմերի մասնակցության մասին, այսօր կազմակերպված քննարկմանը ասաց. «Ես ուրախ եմ, որ Ռոման Բալայանը համաձայնեց, որ այս տարի «Ոսկե ծիրան»-ը նշի իր 70-ամյակը։ Վախենում էինք, որ համեստ մարդ լինելով՝ կարող է մերժել։ Նա չի սիրում նման հանդիսություններ, բայց մենք անպայման ուզում էինք նշել։ Հիշում եք հավանաբար, որ Ռոման Բալայանի շնորհիվ հիանալի ռեժիսորներ և դերասաններ են եկել մեր փառատոնին։ Այնպես որ, Ռոմանը դարձել է կարծեք թե փառատոնի կազմակերպիչներից մեկը, և մենք շատ ուրախ ենք»։ Փառատոնի փոխտնօրենի խոսքով՝ հիանալի է, որ հնարավորություն ունեն կազմակերպելու Ռոման Բալայանի ֆիլմերի ցուցադրությունը. «Երիտասարդ համդիսատեսին ցույց ենք տալիս այն, ինչ նա չէր տեսել, որովհետև մեր սերնդի համար դա մի բան էր, երիտասարդների համար գուցե լրիվ այլ բան է։ Ամեն դեպքում, դրանք մնայուն արժեքներ են, որոնք հարյուր տարի անց էլ ցույց տալիս՝ անհարմար չենք զգա, և կասենք, որ սա է ֆիլմը»։
Ռոման Բալայանն էլ իր հերթին նշեց, որ իր ֆիլմացանկից ամենահաջող ֆիլմերն է ներկայացրել փառատոնին. «Ինչ վերաբերում է 70-ամյակին, ապա զարմացա սկզբում։ Ունեմ 5 ֆիլմ, որոնք, իմ կարծիքով, առավել հաջող են, և հենց դրանք էլ տվեցի։ Բոլոր այդ ֆիլմերը նկարված են մինչև 1987 թվականը, բացի «Գիշերը լուսավոր է»-ից։ Տարբերությունն այն է, որ մինչ 1987 թ. ինձ չէր հետաքրքրում՝ ինչ են ասում քննադատներն իմ ֆիլմերի մասին, և միայն հետո սկսեց հետաքրքրել նրանց կարծիքը»։
Խոսելով ներկայիս հայկական կինոյի մասին՝ ասաց, որ ցավոք, քիչ բան գիտի հայ ֆիլմի մասին, բայց երկրպագում է Արամ Շահբազյանին.
«Արդեն մեկ տարի է՝ ես զբաղվում եմ 90-ականներին հղացած մի գաղափարի իրականացումով։ Հիմա հեղինակները աշխատում են երկրորդ տարբերակի վրա, որը հուլիսի վերջին պատրաստ կլինի»,- հավելեց կինոռեժիսորը։









































