Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արմավիրում 2,5-ամյա աղջկան պատանդառած տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել, որ բաժանված կինը տառապի…

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Արգամ Հովիկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 36-ամյա Արգամ Հովիկյանի կատարածը կարելի է աննախադեպ համարել մեր իրականության մեջ՝ նա Արմավիրում մանկապարտեզ էր մտել դանակով զինված ու պատանդ էր վերցրել 2,5 տարեկան երեխայի, նաև՝ դանակով վնասվածքներ էր հասցրել իրենից հեռացած կնոջն ու նրա տատիկին: Պատանդառված երեխան Արգամի երեխան չէր, մանկապարտեզի սաներից մեկն էր…

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2016 թվականի փետրվարին Արգամն ամուսնացել էր Լենայի (անունը փոխված է) հետ, բայց ընտանիքը երկար չի գոյատևել, և ներընտանեկան լարված հարաբերությունների պատճառով 2017 թվականի մարտին Լենան հեռացել է հայրական տուն:

Դրանից հետո Արգամը հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների միջոցով փորձել է կապ հաստատել Լենայի հետ ու վերականգնել ընտանիքը, բայց Լենան չի համաձայնել:

2017 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Արգամը գնացել է Լենայի աշխատավայր՝ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ, մտել է կրտսեր 1-ին խմբի ննջարան ու այնտեղ գտնվող Լենային առաջարկել դուրս գալ մանկապարտեզից և առանձնազրույց ունենալ:

Լենան մերժել է: Արգամը բաճկոնի տակից հանել է սառը զենք հանդիսացող, գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը և բռնելով Լենայի մազերից՝ քարշ է տվել մանկապարտեզի մուտքի դռան մոտ՝ ցանկանալով նրան դուրս բերել մանկապարտեզի շենքից:

Լենան կառչել է աստիճանների ճաղավանդակից ու դիմադրել է: Այդ ընթացքում, ըստ դատական ակտի, Արգամը դանակով հարվածներ է հասցրել Լենայի ենթածնոտային, պարանոցի, կրծքավանդակի աջ կողմի, աջ դաստակի, ձախ ուսահոդի շրջաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Նրանց է մոտեցել Լենայի տատիկը՝ տվյալ մանկապարտեզի տնօրեն Ռ. Վարդանյանը, փորձել է օգնել թոռնուհուն:

Արգամ Հովիկյանը, ըստ մեղադրանքի, Ռ.Վարդանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա պարանոցին, սակայն Վարդանյանը հասցրել է հետ քաշվել, դանակի հարվածը մակերեսորեն է վնասել Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը:

Արգամ Հովիկյանը, ըստ մեղադրանքի, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում մտել է ննջասենյակ ու պատանդ է վերցրել ակնհայտ անչափահաս, 2015 թվականի հունվարին ծնված, երկուսուկես տարեկան տղային: Արգամը իր մոտ եղած դանակի սպառնալիքով երեխային պատանդ է պահել՝ պահանջելով, որ իրավապահները «հանդիպում կազմակերպեն կնոջ»՝ Լենայի հետ:

Իրավապահները ժամը 20-ի սահմաններում կարողացել են վնասազերծել Արգամ Հովիկյանին և ազատել պատանդառված մանկահասակ երեխային:

Արգամ Հովիկյանը նախկինում դատապարտված չէր եղել, բնութագրվել է դրական:

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, պատանդ վերցնելու, տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 218 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, 113 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Քրեական գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում Արգամ Հովիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա հայտնել է, թե ըստ կնոջ հոր՝ ինքը «ոչ բարով փեսա է եղել»: Կինը 2017 թվականի մարտի 30-ին գնացել է աշխատանքի, այնտեղից էլ՝ հայրական տուն, այլևս իրենց տուն չի եկել, ասել է՝ «հետ չունի գալու»:

Ապրիլի 12-ին թաղային ոստիկանը եկել է իրենց տուն՝ կնոջ իրերը տանելու… Ինքը գնացել է մանկապարտեզ՝ Լենային հանդիպելու, բայց Լենայի տատը հրելով Լենային հեռացրել է իրենից: Ինքը ցանկացել է ինքնասպան լինել, որ Լենան տառապի…

Դեպքի օրը մտել է մանկապարտեզ, Լենային առաջարկել է դուրս գալ: Լենան «ղժժացել» է: Ինքը ստիպված հանել է դանակը, որ գոնե դանակի սպառնալիքով Լենային տուն տանի…

Լենան շարժումներ է կատարել, այդ պատճառով դանակով վնասվել են նրա վիզն ու ձեռքը: Եթե ինքը ցանկանար սպանել Լենային, կսպաներ, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Ինքը դեպքի պահին սթափ է եղել՝ ալկոհոլ, թմրամիջոց չէր օգտագործել:

Լենայի տատի վնասվելն ինքը չի զգացել՝ դանակը քաշել է, որ նա մոտ չգա: Եթե ուզենար նրան սպանել, կսպաներ, ոչինչ չի խանգարել իրեն, որ նրան սպանի:

Լենան այդ ընթացքում մտել է խմբասենյակ, ինքը դանակով նույնպես այդ սենյակ է մտել: Դանակն արյունոտ էր: Սենյակում երեխա չկար, միայն մեկ երեխա էր՝ մահճակալի արանքում: Ինքն այդ երեխային բռնել է, որ ոստիկանը մոտ չգա: Ոստիկանն ասել է. «Կանգնի՛, չանե՛ս»:

Ոստիկանները ներս են մտել, ինքը պահանջել է հանդիպում Լենայի հետ: Լենային բերել են: Ինքը պահանջել է, որ բերեն նրա հեռախոսը՝ իր կասկածները ստուգելու համար:

Մոտեցել է ոստիկանության վարչության պետը: Երեխան այդ ժամանակ իր մոտ էր, նրան հաց, ջուր ու երշիկ են տվել: Իր կամքով ինքը երեխային բաց է թողել, որից հետո սպառնացել է, թե ինքնասպան է լինելու: Ինքը երեխա վնասող տղա չի…

Մտել են «մասկաներով» ոստիկանները, «սալյուտ» են կրակել, ինքն իրեն դանակով հարվածել ու վայր է ընկել: Հասել, բռնել են իրեն, տարել են հիվանդանոց, վիրահատել են… Ինքը չէր ուզում ապրել…

Լենան իր դանակը տեսնելով՝ «ընկնավորվել է», խուճապահար բռնել է դանակի «լիստից», մատները այդ ժամանակ է վնասել, հետո նրա ոտները թուլացել են, նա ընկել է իր վրա, թե ինչպես է նրա վիզը վնասվել, ինքը տեղյակ չէ: Հավաքվածները գոռում էին, հորդորում էին, որ երեխային ու Լենային բաց թողնի: Եկել է Լենայի տատը, տեսել է դանակն ու ասել է. «Թաղեմ գլուխդ, թո՛ղ էրեխուն, հիվանդ է»…

Պատանդ երեխան ոչինչ չէր հասկանում, նա հանգիստ նստել էր իր գիրկը, նույնիսկ մի պահ քնել է: Ինքը գիտակից վիճակում է եղել, իր կամքով է դադարեցրել «ստեղծված իրավիճակը»:

Արգամ Հովիկյանն ասել է, թե մոտը դանակ պահելու «հոբբի» ունի: Այդ օրը դանակը վերցրել էր, որ եթե Լենան իր հետ տուն չգար, ինքնասպան լիներ: Իր համար կարևոր չէր՝ որտեղ ինքնասպան կլինի՝ մանկապարտեզո՞ւմ, թե՞ շուկայում:

Արգամ Հովիկյանը նշել է՝ ինքը հիմար չէ, որ առաջադրված մեղադրանքները ճիշտ համարի: Այդ ամենը տեղի է ունեցել պահի ազդեցության տակ, երեխային էլ ինքը բաց է թողել իր «հոժար կամքով»: Ինքը մեղադրվում է մի բանի համար, որը չի արել… Ինքը չի արել, իրեն «անհնար է ապացուցել», ինքն «այդ տեսակի մարդ է»…

Տուժող Լենա Հ.-ն հայտնել է, թե իրենց համատեղ կյանքի ընթացքում Արգամը կեղծ տեղեկանք է տվել իրեն, ու ինքն այդ տեղեկանքով բանկից 1,5 միլիոն դրամ վարկ է վերցրել, նա այդ գումարը վերցրել և ծախսել է, դրանից հետո իրենց հարաբերությունները լարվել են, ինքը բաժանվել է նրանից և վերադարձել է հայրական տուն: Արգամն անընդհատ զանգել է իրեն, պահանջել է, որ վերադառնա, սպառնացել է՝ եթե չվերադառնա, ինքնասպան է լինելու…

Լենան նշել է՝ դեպքի օրը ինքը բռնվել էր աստիճանների ճաղերից, որ Արգամն իրեն չկարողանա դուրս բերել մանկապարտեզից: Արգամը դանակը դրել է իր պարանոցին, հայհոյանքներ է տվել ու դանակով ծակծկել է իր կրծքավանդակի աջ մասը, վնասել է պարանոցը: Եթե ինքը ձեռքով դանակը չպահեր, ապա պարանոցի կտրվածքն ավելի խոր կլիներ…

Ըստ Լենայի՝ Արգամը իրեն սպանել չի ցանկացել, եթե ցանկանար, հեշտությամբ դանակը կարող էր իր սիրտը մխրճել, նա ցանկանում էր վախեցնել իրեն, որ ինքը գնա նրա հետ…

Տեսնելով Արգամի անկառավարելի լինելը, ինքն ասել է, թե կգնա նրա հետ: Արգամն առաջարկել է երեխաների ննջասենյակ գնալ ու զրուցել, նա իր մազերից բռնած էր, բաց չի թողել, դանակն էլ մյուս ձեռքին էր:

Երբ մտել են ննջասենյակ, իր հորեղբայրը հարվածել է Արգամին, ինքը կարողացել է ազատվել նրանից ու դիմել է փախուստի: Հետո իմացել է, որ Արգամը պատանդ է վերցրել խմբի մանկահասակ տղաներից մեկին, փակվել է ննջասենյակում ու պահանջում է հանդիպում կազմակերպել իր հետ:

Ինքը սկզբում վախեցել ու հրաժարվել է գնալ հանդիպման: Հետո հանուն երեխայի գնացել, մտել է ննջասենյակ, տեսել է՝ Արգամը նստած է պատուհանի մոտի պահարանին, իսկ երեխան նրա ոտքերի արանքում է: Նրանց միջև դրված էր դանակը՝ սուր ծայրն ուղղված երեխային:

Արգամը կոպտել է իրեն ու պահանջել է նստել: Ինքը սկսել է նրան համոզել, թե սիրում է, պատրաստ է վերադառնալ նրա մոտ, միայն՝ թող երեխային բաց թողնի: Այդ ժամանակ ննջասենյակում են եղել մարզի դատախազը, ոստիկանության վարչության պետը, քրեականի պետը:

Արգամը գոռացել է, թե երեխայից արյուն կհանի, որ համոզվեն, թե կվնասի նրան:

Մոտ մեկ ժամ համոզել են Արգամին, որ երեխային բաց թողնի: Տեսնելով, որ բաց չի թողնում, ինքը մոտեցել է Արգամին: Նա բաց է թողել երեխային, սենյակում գտնվողներից մեկը երեխային դուրս է բերել: Իրեն էլ անմիջապես հետ են քաշել՝ չթողնելով, որ շատ մոտենա Արգամին: Նա դանակի սուր ծայրը ուղղել է կրծքավանդակին, այդ ժամանակ երկու ուժեղ պայթյուն է հնչել, ինքն այլևս ոչինչ չի տեսել, իրեն դուրս են բերել ննջասենյակից: Հետագայում իմացել է, որ Արգամը դանակով վնասել է ինքն իրեն…

Դատարանը հաստատված է գնահատել Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի կրման սկիզբը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ից:

Տուժողների կողմից քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել:

Որպես դատական ծախսերի հատուցում՝ Արգամ Հովիկյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 627 հազար 236 դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Արգամ Հովիկյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Գարիկ Գալիկյանն ու Արամ Ղազարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը գործը քննում է Մ. Արղամանյան, Ն. Հովակիմյան, Ա. Ազարյան կազմով:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված վերաքննիչ բողոքը՝ փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը բերվել է բացառապես մեկ հոդվածի շրջանակներում: Գործով ձեռք բերված ապացույցներով, ըստ պաշտպանների, «որևէ կերպ չի հիմնավորվել սպանության փորձի մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով… Ինչը կատարվել է՝ չենք վիճարկում… Համակերպվել ենք նշանակված պատժին… Բայց նախկին կնոջ տատիկի նկատմամբ սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող, ապացուցողական նշանակության ոչ մի փաստ չկա…»:

Ինքը՝ Արգամ Հովիկյանն առաջին ատյանի դատարանում պնդել է, թե Ռ. Վարդանյանին սպանելու մտադրություն չի ունեցել: Նա իրեն վիրավորական խոսքեր է ասել, ինքը ցանկացել է միայն նրան վնաս տալ: Եթե նրան կյանքից զրկելու նպատակ ունենար, երկու քայլ կաներ, կհասներ նրան ու կսպաներ: Նա 65 տարեկան կին է, չէր կարող իրենից փախչել, ինքը երկու քայլ կաներ ու կհասներ նրան…

Արգամ Հովիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Ղազարյանը միացավ իր գործընկերոջն ու հավելեց, թե Արգամ Հովիկյանը դանակը վերցրել էր, որ նախկին կնոջ աշխատավայրում, եթե չկարողանա նրան վերադարձնել, ինքնասպան լինի նրա աչքի առաջ: Պաշտպանն ասաց. «Գործ ունենք ընտանիքը միավորելու ցանկություն ունեցող տղամարդու հետ…»: Հովիկյանը փորձել է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն սպանել, դանակով հարվածել է իր կրծքին, բայց դանակը դիպել է կրծոսկրին, նա միայն ծանր վնասվածք է ստացել:

Ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատարանի հարցին՝ ինչո՞ւ քայքայվեց նրա ընտանիքը, եթե նա այդքան սիրում էր կնոջը, պատասխանեց, որ մարդ իր սեփական խելքը, սեփական կարծիքը պիտի ունենա… Նա հայտնեց, որ ապագա կնոջը ամուսնանալուց առաջ ճանաչել է 4-5 ամիս: Երբ համատեղ էին ապրում, կինն իրեն ասում էր «կյանքս, կյանքս», բայց մի օր էլ գնաց աշխատանքի ու տուն չվերադարձավ:

Հովիկյանն ասաց, որ վիճել էր կնոջ հոր հետ, նրան արգելել էր իրենց տուն գալ: Կնոջ հայրն ու տատն են նրան համոզել, որ իրենից բաժանվի, իսկ կնոջ մայրը իրեն բազմաթիվ հաղորդագրություններ է ուղարկել՝ ցանկություն հայտնելով, որ իրենց ընտանիքը վերականգնվի, նույնիսկ գրել է, թե գնացել էր եկեղեցի ու մոմ է վառել իրենց ընտանիքի վերականգնման համար:

Արգամ Հովիկյանը պնդեց, որ իր ընտանիքի քայքայման պատճառը եղել են կնոջ տատն ու հայրը: Բայց ինքը չի ցանկացել կնոջ տատին սպանել, եթե ուզենար, հնարավորություն ուներ սպանելու:

Իր կատարած արարքը՝ դանակով մանկապարտեզ գնալը, Արգամ Հովիկյանը պատճառաբանեց հետևյալ կերպ. «Գնացել եմ, որ ուժի զոռով կնոջս վերցնեմ ու տուն տանեմ»:

Դատական նիստին ներկա էր սպանության փորձի մասով տուժող Ռ. Վարդանյանը: Նա նկարագրեց թոռնուհու ընտանեկան անելանելի վիճակը, նշեց, որ Արգամն ընտանիքը չէր ապահովում, թոռնուհու անունով կեղծ փաստաթղթով վարկ էր ստացել, դրա պատճառով թոռնուհու աշխատավարձի կեսը հարկադիրը կալանքի տակ էր դրել, թոռնուհին աշխատավարձ չէր ստանում: Աշխատավարձի մնացած մասով նա ապառիկով կենցաղային տեխնիկա էր գնել, քանի որ ընտանիքում ոչինչ չունեին… Արգամը համոզել էր իր որդուն՝ թոռնուհու հորը, որ նրա մեքենան գրավ դնեն մի քանի օրով, սակայն մեքենան գրավից չէր կարողացել հանել, թանկ մեքենան բանկը վաճառել էր 3800 դոլարով…

Տուժողի ներկայացրածը կենցաղային հողի վրա առաջացած լարված հարաբերություններ էին, որոնց արդյունքում, ըստ տուժողի, թոռնուհին կորցրել է երեխային…

Տուժողը նշեց՝ քանի որ Արգամը էլի էր եկել մանկապարտեզ, ինքը մանկապարտեզի մուտքը փակ էր պահում: Նա դեպքի օրը մանկապարտեզ է մտել ծնողների ներս մտնելու ժամանակ:

Ըստ տուժող Վարդանյանի՝ Արգամ Հովիկյանը ցանկացել է սպանել իրեն, նա կսպաներ, եթե ինքը հետ չգնար. «Եթե հետ չգնայի, գլուխս թռցնում էր…»:

Ռ. Վարդանյանը նշեց, թե պատանդառված երեխան դեպքից հետո այլևս մանկապարտեզ չի հաճախել, նա դեպքից հետո չի խոսել… Ըստ տուժողի՝ երեխան նստած հաց ուտելիս է եղել, Արգամը մտել է սենյակ, բռնել է հացը բերանին երեխայի վզից…

Արգամի հարվածներից տուժողի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս: Կինը խույս էր տվել դանակի հարվածներից, ապա զանգել էր իր որդուն ու ասել էր. «Հասի, մարդասպանը մեզ մորթում ա հիմնարկում»: Որդին անմիջապես եկել էր, կարողացել էր Արգամի ձեռքից ազատել թոռնուհուն, բայց դրանից հետո Արգամը պատանդ էր վերցրել ուրիշի մանկահասակ երեխային…

Վերաքննիչ դատարանը տուժողին հարցրեց՝ եթե Արգամը ցանկանում էր նրան սպանել, ինչո՞ւ չսպանեց:

Տուժողն ասաց. «Նրա առաջին թշնամին ես էի, ամեն սխալը դեմն էի դնում…»:

Տուժողի կարծիքով՝ Արգամի մոտ իրեն սպանելու մտադրությունը կարող էր առաջանալ, երբ նա տեսել էր, որ կնոջը չի կարողանում հետը տուն տանել: Միևնույն ժամանակ տուժողն ասաց. «Ես չէի կանգնի, որ նա գար ու ինձ սպաներ… Բնա՛վ… Ես թույլ չէի տա, որ նա ինձ սպանի…»:

Ըստ տուժողի՝ Արգամն իր հետևից չի գնացել, որովհետև եթե առաջ գնար, կինը կփախչեր նրա ձեռքից, նա մի ձեռքով բռնել էր կնոջ մազերից, իսկ կինը բռնել էր աստիճանների ճաղավանդակից…

Տուժողն ասաց, որ Արգամն իրեն տեսնելով՝ սպառնացել է. «Էսա էրկուսիդ էլ մորթեմ…»:

Տուժողը դատարանի բոլոր հարցերին ի պատասխան պնդեց. «Ինքն ուզում էր ինձ սպանել»:

Դատարանը հարցրեց՝ եթե պատահի այնպես, որ դատարանը, ասենք, բավարարի բերված բողոքն ու սպանության փորձը վերաորակի որպես տուժողի առողջությանը թեթև վնասի պատճառում, ինչը մասնավոր բողոքի գործ է, Ռ. Վարդանյանը կների՞ Արգամ Հովիկյանին:

Ռ. Վարդանյանը աներեր էր. «Ես չեմ ներում, ինչի՞ մասին է խոսքը»:

Դատական այս նիստին ներկա չէր մեղադրողը:

Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 28-ին, վերաքննիչ բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն մեղադրանքի կողմը, ինչպես նաև՝ Հովիկյանի նախկին կինը, եթե վերջինս ցանկանա ներկայանալ դատարան ու դիրքորոշում հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում