Արժույթի միջազգային հիմնադրամն իջեցրել է 2014 թվականի Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ 1.9 տոկոսից հասցնելով 1.3 տոկոսի: Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցում՝ շաբաթվա վերջին կայանալիք հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային հանդիպման նախաշեմին՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
2015 թվականին ռուսական տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է: Եթե հունվարին ԱՄՀ փորձագետները ակնկալում էին, որ Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի կաճի 2.5 տոկոսով, ապա այժմ կանխատեսումը 2.3 տոկոսի մակարդակի վրա է:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և ԱՊՀ շատ այլ երկրների տնտեսության միջնաժամկետ հեռանկարները վատթարացել են, քանի որ, ինչպես սպասվում է, տնտեսական աճը կդժվարանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին իրադարձությունների և դրանց հետ կապված ռիսկերի ֆոնին:
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, ներդրումների հոսքն արդեն թուլացել է, իսկ մասնագետները դա կապում են քաղաքական անորոշության հետ:
ԱՄՀ փորձագետները կանխատեսում են նաև Ռուսաստանում սպառողական գների աճի աստիճանական դանդաղում: Նրանց գնահատականներով՝ այս տարի դա կկազմի 5.8 տոկոս, իսկ 2015-ին՝ 5.3 տոկոս:









































