«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղից իր ակնկալիքների մասին: Կողմերի առաջին մրցավեճում, որը կայացել է կատալոնական ակումբի հարկի տակ, գրանցվել է ոչ-ոքի` 1:1 հաշիվը:
«Ես չեմ սիրում կանխատեսել առաջիկա խաղերի հաշիվները: Այն ամենը, ինչ մենք պետք է անենք, դա «Ատլետիկո»-ից լավ խաղալը, և հաղթելն է: Երկու թիմերն էլ քաջ ծանոթ են միմյանց, և երկուսն էլ խաղում են լիովին տարբեր ոճերով: Ես վստահ եմ միայն նրանում, որ «Բարսելոնա»-ն չի հաղթել «Ատլետիկո»-ին այս մրցաշրջանի և ոչ մի մրցավեճում: Տեսնենք` կստացվի արդյոք մեզ մոտ այս անգամ:
«Ատլետիկո»-ն այն թիմը չէ, որը թույլ է տալիս վերահսկել գնդակը խաղի ամբողջ 90 րոպեների ընթացքում: Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք հասնել դրան, քանի որ մենք սիրում ենք այդպես խաղալ: Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա նա այն խաղացողների շարքին է դասվում, ում համար մարզիչները սպասում են մինչև վերջին վայրկյանը և ցանկանում, որ նրանք մասնակցեն կարևորագույն խաղերին:
Հուսով եմ` մենք կկարողանանք լուծել խնդիրը հանդիպման հիմնական ժամանակում և այս դիմակայությունը կավարտվի առանց լրացուցիչ ժամանակի: Այդ 30 րոպեների մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, սակայն սեղանին խոշոր պարգևատրում կա` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիրը»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































