Կառավարական զորքերի կողմից պաշարված սիրիական Հոմս քաղաքում սպանել են նիդեռլանդացի հոգևորական Ֆրանս վան դեր Լյուգտին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights):
Ականատեսների վկայությամբ՝ Հոմսի ծայրամասում գտնվող Լյուգտի տուն են ներխուժել զինված մարդիկ՝ գրում է Volkskrant.nl-ն: Հոգևորականին դուրս են բերել փողոց և կրակել նրա վրա: Մարդասպանին դեռևս չեն ձերբակալել:
Լյուգտին բազմիցս առաջարկել են լքել Հոմսը, որը պաշարման մեջ է արդեն երկու տարի, սակայն նա հրաժարվել է: Հոգևորականը պարզաբանել է, որ ցանկանում է կիսել սիրիացի ժողովրդի տառապանքները և օգնել տեղի քրիստոնյաներին: Պաշարված քաղաքի բնակիչները տառապում են սննդի սղությունից և մշտական գնդակոծություններից:
Ֆրանս վան դեր Լյուգտը, ով 75 տարեկան էր, ընդգրկված է եղել ճիզվիտների օրդենում: Հոգևորականը Սիրիայում էր ապրում 1966 թվականից, մինչ այդ երկու տարի եղել է Լիբանանում՝ ուսումնասիրելով արաբերեն:









































