Ապրիլի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Առողջության համաշխարհային օրը, որի շրջանակում տեղի են ունենում միջոցառումներ ամբողջ աշխարհում: Այս տարի կազմակերպությունը համաշխարհային օրը նվիրել է փոխանցողների միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններին: Օրվա կարգախոսն է՝ «Փոքր խայթոց, մեծ վտանգ»:
Օրվա առնչությամբ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր իրազեկման քննարկում՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել փոխանցողների միջոցով անցնող վարակիչ հիվանդությունների մասին ու կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել՝ հիվանդություններից խուսափելու համար: Ինչպես նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ԱՀԿ-ն կոչ է անում ջանքերը կենտրոնացնել փոխանցողների դեմ պայքարի, խմելու ջրի ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման վրա:
Վերջինս տեղեկացրեց, որ մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, Լայմի հիվանդությունը, շիշտոսոմոզը, դեղին տենդը, որոնք փոխանցվում են մոծակների, ճանճերի, տզերի, ջրային խխունջների ու այլ փոխանցողների միջոցով, սպառնում են երկրագնդի բնակչության կեսից ավելիին ու ամեն տարի 1 մլն մարդ է վարակվում փոխանցողների միջոցով տարածվող հիվանդություններից, իսկ 1 մլն մարդու կյանք հնարավոր չի լինում փրկել:
Նրա խոսքով՝ այս հիվանդությունները պատկանում են թեև «մոռացված» կամ «արհամարհված» հիվանդությունների շարքին, սակայն դրանց վտանգը անտեսել պետք չէ:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների տարածման համար՝ բծավոր տիֆ, տուլարեմիա, ժանտախտ, սակայն ներկայում Հայաստանում տարածված են միայն տուլարեմիան ու լեյշմանիոզը: «Արդեն 20 տարի է, ինչ պայքարում ենք հիվանդությունների դեմ»,- ասաց բանախոսը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն էլ իր հերթին անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունների դեմ Հայաստանի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը՝ հատկապես մալարիայի դեմ պայքարում:
Հենց այդ ջանքերի շնորհիվ է, ըստ Բուզետտոյի, Հայաստանը կարողացել 2011-ին համարվել մալարիայից զերծ գոտի, այնինչ մալարիան շարունակում է լուրջ խնդիր մնալ մի շարք երկրներում, նաև հարևան Թուրքիայում: «Հայաստանի փորձից դատելով՝ դա հնարավոր է դարձել կառավարության, քաղաքացիական հասարակության ու տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ»,- նշեց նա՝ կարևորելով իրազեկումն ու պաշտպանական միջոցառումները:









































