«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառներ են տեղադրվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն, Քեմբրիջ և Ֆոքսբորո բնակավայրերում:
Այս ակցիան 2003 թվականից կազմակերպվում է «Peace of Art»՝ «Մշակույթի խաղաղություն» շահույթ չհետապնդող կրթական կազմակերպությունը, որի կողմից այս տարի Մասաչուսեթս նահանգի բնակավայրերի փողոցներում տեղադրված պաստառին պատկերված է «Ճանաչել դարի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառների վրա, ըստ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, պատկերված են նաև «100» թիվը, որը նշանավորում է Մեծ Եղեռնի մոտեցող 100-րդ տարելիցը, և ձեռնաշղթաներ, որոնք նշանավորում են Հայոց ցեղասպանության ոճրագործների և նրանց սատարողների կողմից հարյուր տարի շարունակվող հերքման արշավը:







































