Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին շաբաթ օրը երկրի մայրաքաղաքում բացել է Կենտրոնական Ամերիկայի երկրների առաջին մետրոպոլիտենը՝ հայտնում է Telesur հեռուստաալիքը:
«Ես շատ գոհ եմ, աշխատանքն ավարտվել է 38 ամսում, ուզում եմ շնորհավորել պանամացի բոլոր աշխատողներին, կապալառուներին, որոնք նշված ժամկետում ավարտել են աշխատանքը»,- ասել է Մարտինելին:
Պանամայի մետրոպոլիտենի համակարգն ունի 13 կայարան, իսկ երկաթուղու երկարությունը 14 կմ է: Գնացքները պատրաստված են Ֆրանսիայում: Աշխատանքներն արժեցել են 1.8 մլրդ դոլար:
Նախատեսվում է հետագայում կառուցել մետրոպոլիտենի մի քանի երկաթուղի ևս, որոնցից մեկը պետք է անցնի Պանամայի ջրանցքի տակով:











































