Thursday, 11 06 2026
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

Գլխավոր սպառնալիքը Ռուսաստանի հնարավոր նոր քաղաքականությունն է Ղարաբաղի վերաբերյալ. Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Օրերս ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայում կայացավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմում կայացած հանրաքվեի հետ կապված բանաձևի քվեարկությունը,  Հայաստանի «դեմ» քվեն  արժանացավ քննադատությունների տարափի: Ուզում եմ ՀՀ քվեարկությունը քննարկենք  մեկ այլ դիտանկյունից ևս: Փաստորեն Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, մի սկզբունքի, որը որպես գերակա սկզբունք նույն ՄԱԿ ԳԱ-ում  մի քանի անգամ օգտագործվել է Հայաստանի դեմ՝ Ղարաբաղյան հակամարտության շրջանակում: Այս մասին տեսակետներ արդեն հնչել են:  Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են պատճառաբանված  այս տեսակետները, որ Հայաստանն այլ կերպ չէր կարող քվեարկել:

– Հստակ կասեմ, որ Հայաստանի  քվեարկությունը ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայում լուրջ սխալ էր՝ Հայաստանի թուլության նշանը: Միանշանակ, այս իրավիճակում ճիշտ որոշումը կլիներ ձեռնպահ քվեարկելը, սակայն Հայաստանը տեղի տվեց և քվեարկեց ռուսական կողմնորոշման օգտին: Եվ սխալմամբ միացավ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Հյուսիսային Կորեան, Սուդանը կամ Կուբան, այսինքն՝ պատմության սխալ կողմը գրավեց:

Այստեղ երկու միտում կա: Առաջինն այն է, որ Հայաստանի քվեարկությունը պարտադիր չէր, որ ուղղված լիներ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Իրականում Հայաստանի  քվեարկությունը Ուկրաինայի դեմ էլ չէր, որն է՛լ ավելի վատ է. դա քվեարկություն էր՝ ի նշան ենթարկվելու և Ռուսաստանի կամքը կատարելու: Եվ դա վերջին քայլն էր այն մի քանի քայլերի շարանում, որ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը թուլացնում և ապակայունացնում է: Այս քայլով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկ քայլով ետ գնաց, և սա կարելի է համարել հետընթաց:

Երկրորդ կարևոր գործոնն այստեղ այն է, որ չի վերաբերում Ղարաբաղին, ազգերի ինքնորոշման խնդրին կամ տարածքային ամբողջականությանը: Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները շատ տարբեր են: Պնդումը, թե ԼՂ հարցը նման է ղրիմյան խնդրին,  ավելի շատ է թուլացնում Լեռնային Ղարաբաղի իրավական հիմքերի արդարացիությունը: Ղրիմն այդ որոշումը կայացրեց ոչ թե անկախանալու, այլ երրորդ պետությանը միանալու համար: Եվ սա այն բազմաթիվ գործոններից մեկն էր, որով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները տարբերվում են միմյանցից, և սա Հայաստանի իշխանությունների վատ վարվելակերպի արդյունքն էր:

Պարոն Կիրակոսյան, Հայաստանը, ըստ Ձեզ, կարո՞ղ էր կողմ քվեարկել ուկրաինական բանաձևին:

– Ո՛չ, ես կարծում եմ, որ հաշվի առնելով հանգամանքները՝ նպատակահարմար չէր լինի, որ Հայաստանը կողմ քվեարկեր: Ձեռնպահ լինելը կլիներ ճիշտ որոշում, և ընդամենը քվեարկությունից մեկ օր առաջ Հայաստանի ԱԳ նախարարությունը արդեն հանդես էր եկել հենց այդ հայտարարությամբ: Հենց սրանով է ենթադրվում, որ  ռուսական մեծ ճնշում կար, ինչը ավելի է թուլացնում և վատացնում Հայաստանի վիճակը:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան քվեարկությունից առաջ գործուղման պատճառաբանությամբ մեկնել է  Կիև, թեև խոսակցություններ կային, որ Կիևը ետ է կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների, սակայն դեսպանը դեռևս չի  վերադարձել: Ըստ Ձեզ՝ այդ քվեարկությունը ինչպե՞ս կանդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, երբ Կիևի համար է՛լ ավելի ակնհայտ է, որ ՌԴ-ն վերահսկում  է ՀՀ-ի շփումը նաև երրորդ երկրների հետ:

– Հստակորեն Ուկրաինայի իշխանություններն արդարացիորեն վհատված են Հայաստանից, նրանք հետ կանչեցին Հայաստանում իրենց դեսպանին, Կիևում դժգոհություն հայտնեցին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Մանուկյանին: Սակայն Ուկրաինայի իշխանությունները հստակորեն հայտնեցին, որ չեն ցանկանում վատթարացնել Հայաստանի հետ հարաբերությունները,  և նրանք ուզում են շարունակել երկկողմ հարաբերությունները, բայց անկեղծ լինելու համար պետք է ասել, որ երկու երկրների միջև առկա խնդիրը ո՛չ Կիևում է, ո՛չ էլ Երևանում. այդ խնդիրը Մոսկվայում է՝ Մոսկվան որքան թույլ տա Հայաստանին ճողոպրել և մանևրել Ուկրաինայի հետ հարաբերություններում՝ այդպես էլ կլինի:

Եվ վերջինը՝ վտանգավոր է այն առումով, որ Ուկրաինային կարող է է՛լ ավելի մոտեցնել Ադրբեջանին՝ ներառյալ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կամ ռազմական համագործակցությունը՝ որպես վրեժ ընդդեմ Հայաստանի: Հստակորեն Մոսկվան անում է այն, ինչ բխում է իր շահերից, սակայն Մոսկվայի շահերը միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերին:  Աչքի է զարնում նաև այն հանգամանքը, թե որքան անպատրաստ դեսպան ունենք մենք այսօր Ուկրաինայում:

– Պարոն Կիրակոսյան, Դուք Ձեր խոսքում ևս նշեցիք, որ այս քվեարկությունը արտահայտեց Հայաստանի ինքնիշխանության և անկախության մակարդակը: Ըստ Ձեզ՝ սա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի՝ որպես ԼՂ հակամարտության բանակցող կողմի կարգավիճակի և նաև այն բանի վրա, թե ինչպես է Հայաստանն ընկալվում Արևմուտքի կողմից:

– Հստակորեն՝ միայն բացասաբար:  Իրականում ընկալումը շատ ավելի կարևոր է, քան իրականությունը: Բայց այս բացասական միտումը սկսվեց սեպտեմբերի 3-ին: Պետք է նշել, որ Ուկրաինայի խնդրին հայաստանյան վերաբերմունքը ցուցադրություն էր, որ Արևմուտքի կողմից Հայաստանի հանդեպ վստահության և անկեղծության պակաս կա: Նույնիսկ Մոլդովան, Բելառուսը և Ուզբեկստանն ավելի ուժեղ դիրքերում հանդես եկան Ուկրաինայի ճգնաժամի առումով, քան Հայաստանը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը սահմաններ և սահմանափակումներ չի ճանաչում, պետք է ակնկալել, որ Հայաստանի վրա նույնպես կանդրադառնա այն բացասական վերաբերմունքը, որը կա ՌԴ-ի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կհայտնվի պատմության սխալ կողմում և կհայտնվի Պուտինի կողմից ստեղծվող այս նոր երկաթե վարագույրի ետևում:

– Վերջերս, մասնավորապես Ղրիմի անեքսիայից հետո, ավելի ու ավելի շատ են խոսում այն մասին, որ Ռուսաստանը հավակնություններ ունի ԼՂ-ի հանդեպ: Այս մասին խոսել են նույնիսկ ռուսները:  Հետաքրքրական էր այն, որ Ժիրայր Լիպարիտյանն էր խոսել ԼՂ հակամարտության մասին՝ կենտրոնում դնելով Լաչինն ու հղում կատարելով Լաչինի միջազգայնացման  փաստաթղթերին՝ հավելելով, որ Լաչինն օգտագործելու են ռուսները՝ այդպիսով վերահսկողություն սահմանելով նաև ԼՂ-ի նկատմամբ: Դուք տեղյա՞կ եք, որ կա Լաչինի միջազգայնացման փաստաթուղթ, և ըստ Ձեզ՝ այս մասին սցենարներն իրատեսակա՞ն են արդյոք:

– Բարեբախտաբար, 1990-ական թվականներին արդեն իսկ արդիական չեն: Պարոն Լիպարիտյանը շատ լավ պատմաբան է, բայց դա արդեն պատմություն է: Ներկայիս իրավիճակում հիմնական վտանգն ու սպառնալիքն այն է, որ Ռուսաստանը նոր քաղաքականություն կարող է որդեգրել՝ ԼՂ-ի առումով նոր լծակներ ձեռք բերելու համար: Չմոռանանք, որ Ռուսաստանն է առաջին զենք մատակարարող երկիրը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Միաժամանակ պետք է նշել, որ հայերը հաղթեցին ղարաբաղյան պատերազմում ոչ թե Ռուսաստանի շնորհիվ, այլ ի հեճուկս Ռուսաստանի: Եվ բոլոր սառեցված հակամարտություններից միայն ԼՂ խնդիրն է այն հստակ ցուցիչը, որ ինչպես Խորհրդային Միությունը, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի կողմից չեն հանդես գալիս: Սակայն առաջին փորձությունը կլինի Մինսկի խմբի ներսում՝ այն առումով, թե Ռուսաստանը ինչ աստիճանով կհամագործակցի Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների հետ: Երկրորդ հարցն այն է, թե ինչ է նպատակաուղղված անել Ռուսաստանը, երբ Հայաստանը միանա ՄՄ-ին, և ինչպիսի քաղաքականություն նա կորդեգրի ԼՂ առումով:

Պարոն Կիրակոսյան, Ջեյմս Ուորլիքը դեռևս Հաագայից առաջ իր թվիթերյան էջում գրել էր, որ Հաագայում նախատեսվում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն այն չկայացավ, այնուհետև Ուորլիքը գրեց, որ նախագահները զրուցել են: Այստեղ Դուք տեսնո՞ւմ եք Ռուսաստանի դերակատարությունը, քանի որ նախորդ ամիսներին մենք տեսնում էինք ԱՄՆ ակտիվ դերակատարությունը բանակցություններում, սակայն Ղրիմից հետո նախատեսվող բանակցային փուլն, ըստ էության, այլ հունով է գնում:

– Սա  հաստատումն է այն բանի, թե որքան է վատթարացել դիվանագիտությունը: Երբ միջնորդները լավատեսորեն են տրամադրվում՝ ելնելով միայն այն հանգամանքից, որ նախագահներն իրար բարևում են Հաագայում, ցույց է տալիս, թե սպասելիքները որքան են ընկել: Նաև նշանակալի է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս հանդիպեցին Մոսկվայում: Սա կարող է նշանավորել ռուսական ակտիվության և առաջնորդության վերականգնումը, ինչպես, օրինակ,  2008թ. Մեդվեդևի իշխանության տարիներին էր: Խնդիրը միայն Ռուսաստանը չէ: Խնդիրը նաև Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայությունն է, երբ յուրաքանչյուր դիվանագիտական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը որոշում է կայացնում հարձակվել ԼՂ-ի կամ Հայաստանի Տավուշի մարզի վրա: Եվ պետք է լինի գին, որն Ադրբեջանը պետք է վճարի նման վատ վերաբերմունքի համար: Ոչ արդյունավետ է և ոչ էլ արդարացի մեղադրել 2 կողմերին, երբ ընդամենը մեկ կողմն է հարձակվում:

– Դուք, միջազգայնագետները ևս պնդում են, որ Մինսկի խումբն այլևս արդյունավետ չէ, որ միջնորդները  չեն ծառայում իրենց առաքելությանը: Հավանակա՞ն է արդյոք, որ Ռուսաստանը, դուրս գալով այդ ձևաչափից, լրիվ իր ձեռքը վերցնի և փորձի կամայականորեն լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

– Մի կողմից՝ պետք է նշել, որ Մինսկի խումբը միակ դիվանագիտական  հարթակն է, որը  գոյություն ունի այժմ: Լավ կլինի, որ Ռուսաստանը մնա գործընթացում, ավելի վտանգավոր կլինի, եթե նա դուրս գա դրանից: Բայց եթե նույնիսկ Մինսկի խմբի հաջորդ համանախագահը լինի Հիսուս Քրիստոսը, ես չեմ կարծում, որ այնտեղ առաջընթաց կլինի, որովհետև իրական խնդիրը պետք է լուծվի կոնֆլիկտի բոլոր կողմերի մասնակցությամբ: Միջնորդները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերը ցանկանում են այդ հակամարտությունը լուծել: Իսկ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ ռազմավարական:  Այն մաքսիմալիստական է: Նրանք ուզում են ամեն ինչ և դեռ ավելին: Ինչպե՞ս կարելի է բանակցել նման գործընկերոջ հետ: Իրականում Հայաստանը չունի խաղաղության գործընկեր:

Դուք ավելի արդյունավետ եք համարում ուղի՞ղ բանակցությունները, այսինքն՝ Ալիև-Սարգսյան՝ առանց միջնորդների, թեև խոսում եք նաև Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության մասին:

– Ես կարծում եմ, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է, քան Ադրբեջանը, և այս առումով Մինսկի խումբը հարմարավետ բեմահարթակ է: Եվ Մինսկի խումբը բավականին արդյունավետ է այն առումով, որ այն բացահայտում է և լույս  սփռում խնդիրների վրա, որոնք կան բանակցային գործընթացում: Այլ կերպ ասած՝ շատ ավելի մեծ ճնշում կա Ադրբեջանի վրա, քան Հայաստանի, և ճիշտ դրդապատճառով:

Այսինքն՝ ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կկարողանա՞ն պահպանել այդ հարթակը:

– Մինսկի խումը ավտոպիլոտի վրա դրված ինքնաթիռ է: Երկար տարիներ քաղաքական ոչ մի ներդրում չի արվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Եվ մենք չպետք է ակնկալենք որևէ ներդրում, քանի որ 2 կողմերն էլ բակականին հեռու են միմյանցից: Իրականում վերջին անգամ, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված էր խաղաղության գործընթացին, եղել է  2001թ.:

 – Պարոն Կիրակոսյան, տեսնում ենք, որ Արևմուտքը փորձում է սահմանափակել Ռուսաստանի ագրեսիան՝ դիտարկելով Եվրոպա առաքվող ՌԴ էներգակիրներին այլընտրանքային պաշարներ, սակայն տեսնում ենք նաև, որ Գերմանիան պատրաստակամ չէ այս հարցում, որը ետ է պահում Եվրոպային Ռուսաստանի դեմ գնալ լուրջ քայլերի կամ գոնե զսպել: Տարածաշրջանում Ռուսաստանի հավակնությունները որքա՞ն հեռուն կարող են հասնել Արևմուտքի այս անդեմության  պայմաններում:

– Շատ դեպքերում սա մի հարց է, որին նույնիսկ Ռուսաստանի նախագահը չունի հստակ պատասխան: Եթե մենք նայում ենք Ռուսաստանի ռազմավարությանը Ուկրաինայի կամ Ղրիմի հարցում, դա ավելի շատ իմպրովիզացիայի և միանգամից որոշում կայացնելու արդյունք է: Դա ինձ հիշեցնում է Հայաստանի  4 ընդդիմադիր կուսակցությունների կայացրած  որոշումը՝ 3 օր ունենալ ընդդիմության հանրահավաք, որովհետև 2 դեպքն էլ ունեն 3 նմանություն: Առաջինը թատրոնն է, ցուցադրությունը, երկրորդն  այն է, որ 2 դեպքում էլ այդ գործելաոճը որդեգրվեց թուլության և հուսալքության դիրքերից, և երրորդն այն է, որ ինչպես պուտինյան Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանի 4 ընդդիմադիր կուսակցությունները փորձում են ետ գնալ և պատմության մեջ որևէ բան անել, սակայն դա չի աշխատում: Այլ կերպ ասած՝ նրանք փորձում են վերակենդանացնել մահացածներին և վերստեղծել անցյալը: Նրանցից ոչ մեկը ապագայի առումով արդիական և արդյունավետ չէ:

Օրերս վրացական մամուլում մի տեղեկություն տարածվեց, ու այդ տեղեկությունը շրջանառության մեջ  դրեց Կոնստանտին Գամսախուրդիան, թե Թբիլիսիում Ջավախքի էթնիկ հայերը ստանում են ռուսական անձնագրեր: Այս գործընթացը սկսվել է դեռևս  ռուս-վրացական պատերազմից հետո: Եվ հետաքրքիր է՝ երբ  կրկին կան խոսակցություններ Վրաստան-ՆԱՏՕ «մերձեցման» մասին,  Կրեմլը կփորձի՞ Ջավախքի միջոցով  ճնշումներ բանեցնել Վրաստանի նկատմամբ:

– Դա ճիշտ է: Իրականում Ուկրաինայից բացի՝ ռուսական թիրախներն են Մոլդովան և Վրաստանը: Ռուսաստանն այստեղ կփորձի թուլացնել Վրաստանի իշխանություններին՝ օգտագործելով Վրաստանի եկեղեցին և հարձակում գործելով եվրոպական արժեքների վրա: Եվ ըստ իս՝ Ռուսաստանը կփորձի անկայունություն մտցնել Վրաստանում՝ օգտագործելով ջավախահայությանը, սակայն ես չեմ կարծում, որ դա հաջողությամբ կավարտվի: Սակայն դա սպառնալիք է ինչպես այնտեղի հայ բնակչության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների համար: Դա նաև ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանության համար Ռուսաստանն այնքան էլ վստահելի գործընկեր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում