Սիրիայի ընդդիմությունը հերթական անգամ երկրի իշխանություններին մեղադրել է ընդդիմադիրների նկատմամբ թունավոր գազ կիրառելու մեջ: Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Դամասկոսի արվարձանում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի իշխանությունների դեմ մեղադրանքով հանդես են եկել տեղի «Ջոբար Ռևո» ընդդիմադիր խմբավորման ակտիվիստները: Որպես ապացույց՝ նրանք YouTube-ում հրապարակել են տեսանյութ, որում երևում է թթվածնային դիմակով տղամարդ, որը պառկած է պատգարակի վրա՝ բժիշկներով շրջապատված, ովքեր փորձում են նրան ուշքի բերել:
Կադրի հետ լսվող ձայնն ասում է, որ այդ մարդը «Ջոբարում գազային հարձակման» զոհ է դարձել: Միաժամանակ, մեկ ուրիշ ընդդիմադիր կազմակերպություն՝ Սիրիական հեղափոխության համակարգողների միությունը, հայտարարել է, որ բոլոր տուժածները «լավ վիճակում են»:
Reuters-ը նշում է, որ գազային հարձակման մասին ընդդիմադիրների հաղորդագրությունը եղել է մի քանի օր անց այն բանից, երբ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հայտարարեց, թե ընդդիմությունը պրովոկացիա է պատրաստում:







































