Վերջին մեկ տարվա ընթացքում շատ արագ զարգացան վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական նախադրյալները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ երեկ հրաժարական էր տվել Ղազախստանի վարչապետը, իսկ մինչ այդ պաշտոնանկ էր արվել Ղրղզստանի կառավարությունը. այդ երկրի նոր վարչապետն ու կառավարության կազմն այսօր հաստատվեցին: «Կարող եմ ենթադրել, որ թվացյալ ազատականության շրջանը հետխորհրդային տարածքում ավարտին է մոտենում»,- ասաց նա:
Հարցին՝ վարչապետի հրաժարականի պատճառների ծանրակշիռ մասը ներքաղաքական դաշտի՞ց է, թե՞ արտաքին քաղաքական (այստեղ շատերը տեսնում են Ռուսաստանի դերը), Մելիքյանը պատասխանեց, որ դրանք փոխկապակցված են, և չարժե մեկը մյուսից տարանջատել: Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի «ապագայի» վրա Տիգրան Սարգսյանի հրաժարականի հնարավոր ազդեցությանը (քառյակի օրակարգում Կառավարության հրաժարականի պահանջն էր), մեր հարցին՝ սա կարո՞ղ է պատճառ դառնալ այդ քառյակի լուծարման, նա պատասխանեց, որ շատ բան կախված կլինի հաջորդ վարչապետի ով լինելուց:
«Շահեկան կլինի այդ ընդդիմադիր ձևաչափի պահպանումը նաև հետագայում, սակայն դրան կարող են խանգարել քաղաքական գործիչների անձնական ամբիցիաները»,- ասաց նա: Արդեն իսկ հաջորդ վարչապետի թեկնածուների շրջանառվող անունների շարքում ո՞ւմ թեկնածությունն է հավանական համարում՝ Մելիքյանը չնշեց, միայն ասաց. «Շուտով պաշտոնապես կհայտարարվի նոր վարչապետի անունը: Իմաստ չեմ տեսնում իրադարձություններից առաջ ընկնելու»:
Լուսանկարը՝ Photolure-ի




































