Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն, որը փորձում էր քաղաքացիներին պարտադրել կուտակային կենսաթոշակային համակարգը՝ ՍԴ-ի որոշմամբ պարտություն կրեց: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սահմանադրական դատարանի որոշումը որևէ երկրում չպետք է մեկնաբանության առարկա լինի: Երկրորդը՝ ՍԴ-ի որոշումից որևէ մեկը չի հաղթում ու չի պարտվում: ՍԴ-ի որոշումը եթե պարտադիր է՝ պարտադիր է, ի՞նչ պարտության մասին է խոսքը: Հանրապետականն այս երկրի վատն է ուզում, մյուսները՝ լա՞վը: Չէ: Սա ՍԴ-ի որոշումն է և ՀՀԿ-ի, Մեղրիից մինչև Նոյեմբերյան բոլոր քաղաքացիների համար պարտադիր է»:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որոշ քաղաքական ուժեր արդեն ՍԴ-ի որոշումը փորձում են քաղաքականացնել. «Ես դրա կողմնակիցը չեմ: ՍԴ-ի որոշումն իրավական է և պարտադիր է բոլորիս համար: Ես միշտ ասել եմ՝ ՍԴ-ի ցանկացած որոշում պարտադիր է բոլորիս համար: Իսկ ՍԴ-ն շատ կոնկրետ որոշում է կայացրել: Քանի որ ես պրոֆեսիոնալ իրավաբան չեմ, ես երբեք իրավական այդ հիմնավորումների մեջ չեմ մտել: Բայց ես վստահում եմ իմ երկրի Սահմանադրական դատարանին»:
Մեր դիտարկմանը, որ այս կառավարությունը, փաստորեն իր ողջ կազմով փորձում էր հակասահմանադրական մի շարք կետերով այս օրենքը պարտադրել մեր ազգաբնակչությանը՝ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դրա համար էլ պետության մեջ կան գործիքներ, կա Սահմանադրական դատարան, գործադիր, օրենսդիր իշխանություններ, կա նախագահ, որն այդ 3 մարմիների անկաշկանդ և բնականոն գործունեության երաշխավորն է: Եվ այսօր մենք ևս մեկ անգամ տեսանք, որ որևէ քաղաքական ճնշում, ինչի մասին ակնարկում էին շատ-շատ մարդիկ, ՍԴ-ի վրա չկա: Մենք այսօր ապրում ենք այն Հայաստանում, որտեղ իշխանությունը բացառապես ժողովրդավարական արժեքների կրող է և որևէ քաղաքական ճնշում դատական ատյանների վրա չի իրականացնում: Փաստորեն, այդ որոշումով ևս մեկ անգամ մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ում անշրջելի է ժողովրդավարության զարգացումը: Եվ բոլոր այն մարդիկ, բոլոր այն գործիչները, որոնք ակնարկում էին կամ գուշակություններ էին անում իբր թե ՍԴ-ի որոշումը պատվիրված պետք է լինի Բաղրամյան 26-ից, նրանց կարծիքները հօդս ցնդեցին: Ամենակարևորը հենց սա է»:
Մանրամասները՝ aravot.am-ում





































