Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ զինված ուժերը կարող էին ներգրավվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, և ըստ նրա՝ Հայաստանի օրենսդրությունն է թույլ տալիս զինված ուժերը օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ՀԱԿ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին:
Այս առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր պաշտպանական թիմ ունի պաշտպանության իր ռազմավարությունը. «Բայց Քոչարյանը և իր պաշտպանական թիմը այդ ռազմավարությունը այնքան հաճախ են փոխում, որ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ընդհանրապես չունեն ռազմավարություն: Սովորաբար այդպիսի պահվածք որդեգրում են հանցանքի պահին բռնված հանցագործները, որոնց միակ հույսը հետաքննող մարմնի անփորձությունն է կամ ոչ պրոֆեսիոնալիզմը: Այսինքն՝ նրանք չունեն հստակ ռազմավարություն, որը պետք է դառնա նրանց հիմնական զենքը»:
Ինչ վերաբերում է 1996թ.-ին զինված ուժեր օգտագործելու համեմատությանը, Սամվել Աբրահամյանը, մեջբերելով 1995 և 2005թթ. Սահմանադրությունների համապատասխան հոդվածները, նկատեց. «1996 թվականին հանրապետության նախագահը սահմանադրական իրավունք է ունեցել օգտագործելու զինված ուժերը ՀՀ ներքին կյանքին: Մինչդեռ 2005թ. Սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերը Հայաստանի ներքին կյանքում օգտագործելու որևէ իրավունք հանրապետության նախագահը չի ունեցել»:
Նրա խոսքով՝ այս ամենից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին գերազանցել է իր լիազորությունները, խախտել է Սահմանադրությունը և կատարել է հանցագործություն, իսկ 1996 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գործել է բացառապես Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: