«Արցախում այս երկու օրերին բավական բարձր ու տոնական տրամադրություն է տիրում, և դա եկավ փարատելու այն անհեթեթ խոսակցությունները, որ ջրբաժան կա Հայաստանի ու Արցախի միջև»,-«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման շրջանակներում ասաց լրագրող Լիլիթ Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ համահայկական խաղերի միակ խանգարող հանգամանքը Իշխան Զաքարյանի գործոնն է։ Վերջինս նախորդ իշխանությունների հետ է ասոցացվում, և ցանկալի կլիներ նրա փոխարեն ուրիշ մեկին տեսնել։
Հաղորդման շրջանակներում անդրադարձ եղավ նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը, թե ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը վերականգնվել են և փոխանցվել Հատուկ քննչական ծառայությանը։ «Երբ վարչապետը խոսեց ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին, ես վստահ էի, որ դրանք վերաբերում են Մարտի 1-ին, և վստահ էի, որ դրանք մի օր հաստատ գտնվելու են, վերականգնվելու են։ Ես կասկած չունեի, որ ԱԱԾ-ում կլինեին որոշ նվիրյալներ, որոնք այդ փաստաթղթերի օրինակները կպահպանեին։ Նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչների ջղաձգումներից ակնհայտ է, որ ԱԱԾ-ի վերականգնած փաստաթղթերը շատ կարևոր են։ Ես կարծում եմ, որ այդ ջղաձգոմները պայմանավորված են հենց այդ փաստաթղթերի պարունակած տեղեկություններով»,- ասաց լրագրողը։
Լիլիթ Թադևոսյանը ևս տարօրինակ է համարում Մարտի 1-ի սպանության համար կալանավորված Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ սպանության մեղադրանքը հասարակ մեղադրանք չէ, որ 2 ամիս առաջ դնեն, կալանավորեն, ապա փոխեն խափանման միջոցը։
Լիլիթ Թադևոսյանի հետ զրուցեցինք նաև փաստաբանների ակցիայից։ Նա նշեց, որ հստակ միտում է տեսնում փաստաբանների ակցիայում, քանի որ այնպես չէ, որ Դավիթ Գրիգորյանին հալածում են, սարսափելի մեղադրանք են առաջադրել, որ 100-ից ավել փաստաբաններ խմբովին փորձում են պաշտպանել: «Քավ լիցի, Դավիթ Գրիգորյանը ունի պաշտպան, իսկ մյուսները լավ կլիներ՝ այդպես խմբով գնային ու պաշտպանեին իրենց գործընկերներ Սեդա Սաֆարյանին, Վահե Գրիգորյանին, երբ նրանց անգամ թույլ չէին տալիս մտնել նիստերի դահլիճ։ Թող պաշտպանեին փաստաբան Ալիկ Սիրունյանին։ Այդ փաստաբանները ինչո՞ւ իրենց գործընկերներին չպաշտպանեցին, բայց գնացին ու ստանձնեցին դատավորի իրավունքների պաշտպանությունը»,- ասաց լրագրողը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































