Դատական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Քաղաքական, մասնագիտական որոշ շրջանակներ վիճահարույց են համարում որոշ դատավորների ընտրությունը դատական այս կամ այն օղակում: Առանձին դիտարկման է արժանի Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը: Քաղաքական իշխանությունը դատարանի այս որոշմանն առայժմ մեծ ուշարություն չի դարձնում:
Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Նարինե Դիլբարյանը, քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը և Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:
Նարինե Դիլբարյանը, խոսելով դատական իշխանության անկախության մասին, որը ամրագրված է նաև Սահմանադրությամբ, նշեց, որ նկատելի է հակամարտություն դատական և գործադիր իշխանությունների միջև, տարբեր ատյաններ փորձում են ապացուցել իրենց ճշմարտացիությունը: «Դատարանների մուտքն արգելափակելու գործողություններից հետո փորձեցին ավելի խաղաղ միջոցների դիմել և գնահատականներ տալ, և հիմա անուշադրության մատնել, բայց փաստն այն է, որ դատական իշխանությունը գործադիր իշխանությանը փորձում է ապացուցել, որ նրանց պնդումները սխալ են և որ տարբեր օրինախախտումների մեջ իրենց մեղադրելը ճիշտ չէ: Դատական համակարգի համար դա վտանգավոր երևույթ է: Անհատների փոփոխությամբ ոչինչ չի լուծվի:
Փորձեցին խորհրդարանական լսումներ իրականացնել վեթինգի մասին և պարզել, թե ինչ դատական համակարգ պետք է ունենա ժողովրդավարացող Հայաստանը, բայց ցավոք ոչ մի որոշում չկայացվեց»,- նշեց վերլուծաբանը:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ դատական համակարգում կա ճգնաժամ: «Անօրինական ճանապարհով ձևավորված դատական համակագը չի կարող լինել անկախ: Ցանկացած իշխանություն սահմանադրական է, եթե ձևավորվել է սահմանադրական ճանապարհով, մեզ մոտ այսօր չկա այդպիսի դատական իշխանություն և մենք դատավորների կազմը փոխելու խնդիր ունենք: Մենք ունենք ապօրինի ճանապարհով ձևավորված դատական համակարգ, որը պետք է լուծարվի»:
Նժդեհ Հովսեփյանի կարծիքով՝ դատավորների նշանակումը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ, և ընդհանրապես թափանցիկություն պետք է լինի կառավարման ոլորտում. «Խնդիրն այն է, որ թափանցիկություն չկա, և դա ինքնաբերաբար բերում է քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների, և յուրաքանչյուրը պետք է փորձի պղտոր ջրում իր ձուկը որսալ»:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը 2014թ. գաղտնի զեկույցի մասին՝ Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց. «Մութ սենյակում սև կատու փնտրել. նման մի բան ենք քննարկում. այսինքն՝ սա այնպիսի հավասարում է, որտեղ չափից շատ անհայտներ կան. կարող ենք միայն մեկ եզրակացություն անել, այն է՝ վարչապետը մեսիջներ հղեց ինչ-որ մարդկանց այն մասին, որ ինքն այդ զեկույցին տիրապետում է: Որևէ այլ բան հասկանալ չենք կարող, կարող ենք միայն ենթադրություններ անել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































