«Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի չվերագործարկվելը, առկա անորոշությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ աստիճանաբար հեռանում են քաղաքից։ Արտագաղթում են առհասարակ երկրից կամ էլ քաղաքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Գարեգին Անտաշյանը։
Աշխատակիցները մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի տարածքում, անգամ փակել էին դեպի Վրաստան գնացող երկաթգծի այդ հատվածը։ Այդ ժամանակ աշխատակիցների հետ հանդիպել էր մարզպետը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։ Անտաշյանի խոսքով՝ այդ ժամանակ իրենց խոստում էր տրվել, որ աշխատանքից վերջնականապես ազատված 200-220 աշխատողներից մոտ 50-ը առաջիկայում կտեղափոխվի Թեղուտի հանքավայր և աշխատելու հնարավորություն կստանա հենց այնտեղ։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, ներկա պահին դեռ որևէ մեկը որևէ տեղում չի աշխատում։ «Ինչ վերաբերում է Ալավերդու գործարանի շահագործմանը, արդեն ասացի, որ անորոշություն է, բայց կարծես թե պարզ է նաև, որ գործարանը չի էլ շահագործվի առհասարակ։ Նման լուրեր են շրջանառվում»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ կապված խնդիրներն առաջացան այն բանից հետո, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ. օգոստոս ամսին ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել էր 380 մլն դրամի լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015 թ. հուլիսից մինչև 2018 թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով ընկերությունից պահանջվում էր մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով: Գործարանի սեփականատերերը, սակայն, համարում են, որ այս փուլում պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Այսինքն` առավելագույն անվտանգ արտադրություն ստեղծելու համար հարկավոր է լիովին նոր գործարան։ Ընկերությունը վերջերս նամակով դիմել էր կառավարություն՝ պահանջելով թույլատրել և 1.5 տարի աշխատել նախկին ձևով, այսինքն՝ արտանետումների անթույլատրելի ծավալով, որից հետո նոր միայն չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի սկսել նոր գործարանի կառուցումը։
Կառավարությունը, սակայն, այս առաջարկն անընդունելի է համարել և չի ընդունել։ Գործարանի վերագործարկումը թերևս հնարավոր կլինի նոր ներդրողի հայտնվելու պարագայում, երբ կարվեն համապատասխան ներդրումներ, որի արդյունքում կնվազեցվի արտանետումների անթույլատրելի շեմը, և կսկսվի վերագործարկումը: Իսկ քանի որ ներդրող չկա, չկա նաև կոմբինատի վերագործարկման հեռանկարը։
Այս պահին կոմբինատում աշխատում է միայն փոքր արտադրամաս՝ աղացագնդերի ձուլման տեղամասը, որտեղ աշխատում է մոտ 60 մարդ, բայց նախկին աշխատակիցների խոսքով՝ սեպտեմբերից այդ թիվն էլ պետք է կրճատվի: «Մետալուրգները լրիվ առանց աշխատանքի են մնացել։ Անորոշությունը բերել է նրան, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս պահին աշխատանք ունեն, մտածում են՝ թողնեն գնան, քանի որ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու։ Այս պահին աշխատանք ունեն, բայց վաղը պարզ չէ՝ ինչ կլինի։ Անորոշությունից վատ բան չկա։ Ավելի լավ է հստակ իմանանք, որ կոմբինատը չի աշխատի, մեր անելիքը իմանանք, քան ներկա վիճակը»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը։
Ինչ վերաբերում է գործարանի արդեն նախկին աշխատողների վարկերի զիջմանը կամ սպասարկման հետաձգմանը, որի շուրջ Ալավերդցի պատգամավոր Արեն Մկրտչյանը ակտիվ բանակցությունների մեջ էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ևս լուրջ տեղաշարժ չկա: «Ես դեռ չեմ լսել, որ որևէ մեկի վարկը զիջեն կամ մուծումները հետաձգեն, սառեցնեն։ Ամեն դեպքում խոստացել են, որ նման բան կլինի։ Արեն Մկրտչյանը Ջավադյանի հետ հանդիպել է, ու խոստացել են, որ լուծում կլինի։ Համենայն դեպս, մարդկանց տներից չեն հանի»,- եզրափակեց Գարեգին Անտաշյանը։
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հանդիպումից հետո Արեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ բոլոր 152 վարկառուների 346 վարկերի մասով անհատական աշխատանք է տարվել։ Մասնավորապես, 10 բանկից ու վարկային կազմակերպությունից 9-ը համաձայնել են գործող վարկերի վերակազմավորմանը։ Վերոգրյալ 9 բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են չեղարկել ուշացումների հետ կապված տույժ-տուգանքները։ Համաձայնություն է ձեռք բերվել վարկերի ժամկետանցում չունեցող աշխատակիցների վարկերի պայմանների բարելավման (տոկոսների իջեցում, ժամկետի երկարաձգում և այլն) առումով։ Բանկերն անհատական բանակցություններ կվարեն՝ կախված տվյալ վարկառուի վարկի կարգավիճակից։ Ժամկետանց վարկերի մասով վարկառուների հետ կվարվեն անհատական բանակցություններ, բանկերը կառաջարկեն լուծումներ (որոշակի ժամկետով սառեցում, տոկոսների նվազեցում, ժամկետների երկարաձգում կամ այլ տարբերակ։
Պատգամավորը տեղեկացրել էր, որ նշված աշխատանքներից հետո վարկառուները բանկերից զանգեր կստանան, նրանց կհրավիրեն մասնաճյուղեր։









































