Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի անհետացման պատճառների վարկածների շարքում, որը վերջին տեղեկություններով՝ կործանվել է Հնդկական օվկիանոսում, հետաքննողները դիտարկում են նաև ինքնաթիռը կանխամտածված վթարի ենթարկելու վարկածը: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մասնակցում է աղետի հետաքննությանը:
Թերթի զրուցակիցները ենթադրում են, որ ոչ հրդեհը, ոչ ինքնաթիռի համակարգերի անսարքությունը չէին կարող դառնալ վթարի պատճառ:
Աղբյուրի խոսքով՝ հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս ինքնաթիռի «ռացիոնալ» շարժումը:
«Դա եղել է ինքնաթիռում գտնվող մարդու կանխամտածված գործողություն, որը պետք է հստակ պատկերացում ունենար, թե ինչ է տեղի ունենում»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Սակայն հետաքննության մասնակիցը խոստովանել է, որ դեռ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր լինել նման գործողությունների շարժառիթը:
Այս վարկածը առայժմ չի հաստատվել մալայզիական իշխանությունների կողմից:







































