2013 թվականին ԵՄ երկրներում ապաստան խնդրած մարդկանց թիվը կազմել է 435 հազար, ինչը 100 հազարով ավելի է 2012-ի ցուցանիշից: Այս մասին են վկայում եվրոպական վիճակագրական Eurostat գործակալության նոր զեկույցի տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ անցած տարի ապաստանի ստացման ամենամեծ թվով հայտեր ստացել են Գերմանիան (127 հազար), ինչպես նաև Ֆրանսիան (65 հազար), Շվեդիան (54 հազար), Մեծ Բրիտանիան (30 հազար) և Իտալիան (28 հազար): Այս երկրներին է բաժին ընկել ընդհանուր հայտերի 70 տոկոսը:
Զեկույցի տվյալներով՝ հայտերի ներկայացման թվով առաջին տեղում Սիրիայի քաղաքացիներն են (50 հազար): Երկրորդ տեղում ռուսաստանցիներն են (41 հազար), երրորդ տեղում՝ աֆղանցիները (26 հազար):
Ինչպես նշվում է զեկույցում, ապաստանի ստացման հայտ ներկայացրած մարդկանց 65 տոկոսը մերժվել է:









































