Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, ըստ NEWS.am-ի, մեկնաբանել է ՀԱԿ-իշխանություն երկխոսության ուղղությամբ հետագա քայերը:
Հարցին, թե որո՞նք են լինելու արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ուղղությամբ հետագա քայլերը, Արզումանյանը պատասխանել է. «Եթե հիշում եք, իր՝ հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին՝ նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»։
Ողջունելով նման արձագանքը՝ Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, և առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:








































