Նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրողությունների առնչությամբ ուղերձ է հղել, որում շեշտադրում է երկխոսության, միասնականության կարևորությունը, ոչ միայն նպատակի, այլ նաև դրան հասնելու միջոցների կարևորությունը, նաև կարևոր համարում դադար առնելն ու անելիքը ծանրութեթև անելը:
Մեծ հաշվով նախագահական ուղերձը ստանդարտ ուղերձ է, իսկ որոշ գնահատմամբ էլ՝ կարող է ընդամենը լինել բարի ցանկությունների շարադրում, որտեղ իհարկե արվում են կարևոր թիրախավորումներ և անհրաժեշտություններ թվարկվում, սակայն մեծ հաշվով բացակայում է դրանց հասնելու ուղղությամբ առարկայական խոսակցությունը:
Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանը մատնացույց է անում իր սահմանադրական լիազորությունների շրջանակն ու թերևս ակնարկում, որ ավելին անել չի էլ կարող, և իրեն թողնված է միայն, այսպես ասած, ներքաղաքական «խղճի» դերը: Բայց հարցն այն է, որ ներքաղաքական դաշտում ներկայումս ծավալվում է իրապես «անխիղճ» մի պայքար, որի առանձնահատուկ գեներատորի դերում է նախկին իշխող համակարգը, որը նաև Արմեն Սարգսյանին է ենթարկում «անխիղճ» թիրախավորման՝ իրենց կողմ չանցնելու համար:
Սարգսյանը ուղերձում փորձում է ցույց տալ, որ ոչ մի կողմում էլ չէ: Սակայն գործնականում այդ պարագան Հայաստանի ներքաղաքական վիճակի հետ «գենետիկորեն անհամատեղելի» է՝ այն իմաստով, որ ներքին պայքարը բավականին դինամիկ ու սուր բնույթ է ստանում՝ «չեզոքության» ճոխություն թույլ տալու համար: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ այդ պայքարը ամենևին չի պարփակվում ներքին սահմաններով և ներառում է լայն ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գործընթացներ՝ մի կողմից, և հայ-ռուսական հարաբերության հին անատոմիան՝ մյուս կողմից, հասկանալի է դառնում, որ չեզոքությունը այս դեպքում կարող է լինել ոչ միայն անհնարին, այլև նույնիսկ վտանգավոր դիրքորոշում:
Միևնույն ժամանակ ակնառու է, որ Արմեն Սարգսյանը չեզոք չէ, և, փորձելով որևէ կերպ դուրս չգալ սահմանադրական լիազորության, այլ կերպ ասած՝ «խղճի» կարգավիճակից, նա այդուհանդերձ բարեխղճորեն աշխատում է Հայաստանում հետհեղափոխական իրավիճակում կայունության, Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրության, ներդրումների ուղղությամբ: Իհարկե, այստեղ առանձնապես շքեղ արդյունքներ չկան, մյուս կողմից, սակայն, հնարավոր չէ գրավիչ դարձնել մի բան, որի ապականման քաղաքականություն է վարվել առնվազն քառորդդարյա պատմության ընթացքում: Միևնույն ժամանակ, հետհեղափոխական շրջանում ծավալվող թեժ զարգացումներն ու լայն, ընդարձակ աշխարհագրությամբ պայմանավորված դիմակայությունը հին համակարգի և դրա արտաքին մետաստազների և նոր իրավիճակի միջև ստեղծում են իհարկե որոշակի հարաբերականության իրավիճակ, որտեղ բավականին բարձրանում է կայունացնող գործոնի անհրաժեշտությունը:
Արմեն Սարգսյանի սահմանադրական «չեզոքությունը» նրան տալիս է այդ նուրբ դերը կատարելու հնարավորություն, և դա է նաև պատճառը, որ Սարգսյանը բավականին կոշտ թիրախավորվում է նախկին համակարգի դիրքերից: Որովհետև այդ դերը հաջողությամբ կատարելու հաջորդ մակարդակն արդեն լինելու է ուղիղ քաղաքական դերակատարման ստանձնումը, ինչը գործնականում անխուսափելի է՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ:
Օբյեկտիվն այն է, որ Հայաստանին հետհեղափոխական հաջորդ փուլի համար անհրաժեշտ է նոր իշխանությանը մրցակից նորորակ քաղաքական ուժ և բևեռ, սուբյեկտիվը թերևս այն, որ առայժմ որևէ կերպ չի նշմարվում դրա ներուժը առկա քաղաքական դերակատարների շրջանակում:








































