Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, հանդես է եկել անչափ հետաքրքիր նախաձեռնությամբ. առաջիկայում հանրությունը հնարավորություն ունի տեսնել Մհեր Մկրտչյանի՝ նախկինում երբեք չհրապարակված լուսանկարները, հաղորդակից լինել մեծ արվեստագետի մասին Թամար Հովհաննիսյանի հուշերին ու պատմություններին:
«Այն ամենին, ինչին ներկա եմ եղել, դուք չգիտեք: Հենց դա ենք ուզում հրապարակել: Լուսանկարի կանգ առած ակնթարթն եմ փորձել մեկնաբանել»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:
Դերասանուհին պատմեց, որ մի օր Մհեր Մկրչտյանին ինչ-որ առիթով հարցրել է. «Բա ի՞նչ է լինելու սրա վերջը»: Դերասանը պատասխանել է՝ Հիշողություն:
«Սա հուշ է, բայց գոնե ինձ համար ապրող հուշ է: Նա գոյություն ունի, ապրում է: Մհերը կարծես կենդանի է ինձ համար: Ինքդ քո մեջ սովորում ես խոսել նրա հետ, վերապրել: Ֆիլմում ինքը պիտի ապրի, խոսի, գոյություն ունենա»,- անկեղծացավ դերասանուհին:
Նախատեսվում է տպագրել 3 գիրք, թողարկել մի քանի ֆիլմ: Թամար Հավհաննիսյանի նախաձեռնությունը կյանքի է կոչվելու կինոքննադատ Զավեն Բոյաջյանի ու «Անտարես» հրատարակչության օգնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց կինոքննադատը, որը Մհեր Մկրտչյանի տպագրության նախապատրաստվող առաջին գրքի խմբագիրն է:
Զ.Բոյաջյանը տեղեկացրեց, որ խոսքը մեծ նախագծի մասին է, որը կրում է թե՛ մեդիատարրեր, թե՛ հրատարակչական նախագծի տարրեր:
Մեծ դերասանի մասին 3 գրքից առաջինը նախատեսվում է լույս ընծայել այս տարվա առաջին կեսին: Գիրքը նախատեսվում է տպագրել հայերեն, ռուսերեն ու անգլերեն: Կինոքննադատը հույս հայտնեց, որ գուցե այն պատրաստ լինի Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը:
Առաջին գիրքը ֆոտոալբոմի տեսքով է լինելու: Դրանում տեղ են դրել 250-300 չհրապարակված լուսանկարներ Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից: Բոյաջյանի խոսքով՝ գրքի յուրահատկությունն այն է, որ այստեղ տեքստն է զուգորդելու լուսանկարներին: Աշխատանքը խմբագրական փուլում է:
Երկրորդ գիրքը Թամար Հովհաննիսյանի հուշերն են Մհեր Մկրտչյանի մասին, որոնք կզուգակցվեն ճոխ նկարազարդումներով: Գրքում տեղ կգտնեն դերասանուհու անձնական բնույթի հուշերը համատեղ ապրած տարիների ու ստեղծագործական համատեղ աշխատանքի մասին: «Իր համար շատ ծանր հուզական աշխատանք է»,- ասաց կինոքննադատը՝ խոսելով դերասանուհու՝ գրքերի տպագրության գործում ունեցած դերի մասին:
Մհեր Մկրտչյանի մասին պատմող 3-րդ գիրքը դերասանին ներկայացնում է որպես 20-րդ դարի կինոաշխարհի խոշորագույն դեմքի: Գրքում տեղ կգտնեն թե՛ լուսանկարներ դերասանի բեմադրությունների ու խաղացած ֆիլմերի մասին, թե՛ կզետեղվեն օտար մասնագետների նյութերը վերջինիս մասին:
Բացի գրքերրից՝ նախատեսվում է ֆիլմեր թողարկել Մհեր Մկրչտյանի մասին: Զ.Բոյաջյանը պատմեց, որ տարիներ առաջ ԱՄՆ-ում ամերիկահայ ռեժիսոր Աննա Տերյանը Թամար Հովհաննիսյանի մասնակցությամբ ցանկացել է ֆիլմ նկարել դերասանի մասին, սակայն նախագիծը կյանքի չի կոչվել, ու հիմա այդ 4-5 ժամանոց նյութը Հայաստանում նախատեսվում է վերածել ֆիլմի: Արդեն նախնական պայմանավորվածություն կա ռեժիսոր Արման Երիցյանի հետ:
«Թերևս դա կաորղ է հեռուստատեսային նախագիծ լինել՝ բաղկացած մի քանի մասից»,- ասաց կինոքննադատը՝ հայտնելով, որ նախապատրաստվում է ևս մեկ ֆիլմ, որի մասին սակայն չցանկացավ ավելին ասել: «Վավերագրական ֆիլմ է լինելու, երևի թե ռեալիթի շոուի ձևաչափով»,- ասաց բանախոսը:










































