ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, դատավորների շրջանում վեթինգի իրականացման ու անցումային արդարադատության կիրառման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն, որին գործող իշխանությունը կենտրոնական դերակատարում է վերապահում կամ վերապահելու նշված՝ չափազանց կարևոր ու պետության համար կենսական նշանակություն ունեցող գործընթացներում։
Իշխանությունը համարում է, որ ԲԴԽ-ի կազմում ու ղեկավարության շրջանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները բավարար են, որպեսզի այս մարմինը կատարի այդ դերակատարությունը։ Մինչդեռ դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ ԲԴԽ-ի լուռ կամ ամորֆ վերաբերմունքը՝ մի կողմից, նրա անդամների ու ղեկավարության հանդեպ հանրության շրջանում առկա բացասական վերաբերմունքն ու անվստահությունը՝ մյուս կողմից, ցույց են տալիս, որ ԲԴԽ-ն չի կարող իրականացնել այն կարևորագույն առաքելությունը, որն իշխանությունը վերապահում է այդ մարմնին։
Հայաստանում դատաիրավական համակարգի արմատական վերափոխման, իրական բարեփոխումների ու իրապես անկախ դատական համակարգի կազմավորումն անհնար է առանց այն մարմինների ու ինստիտուտների «մարքման», որոնք դերակատարում ունեն այդ կարևորագույն գործընթացում։
ԲԴԽ-ն այս շարքում առանցքային նշանակություն ունի։ Մինչդեռ դատելով իշխանության դիրքորոշումից՝ կարելի է եզրակացնել, որ ԲԴԽ-ի հետ կապված իշխանությունը որևէ վերապահում չունի և արդարադատության ոլորտի միակ խնդիրը համարում է Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը։ Իրականում սա մոլորություն է, որի բացասական հետևանքները զգացվելու են ապագայում՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործնական փուլում, երբ պարզ կդառնա, որ ԲԴԽ-ն իր ներկայիս կազմով ու ղեկավարությամբ ունակ չէ ապահովելու դատական իշխանության և դատավորների անկախությունը։









































