Սիրիայի հայաշատ Քեսաբը հայաթափվել է, զինյալ ընդդիմադիրներն արդեն գրավել են գյուղաքաղաքը և տարածվում են շրջակա այլ հայաբնակ գյուղերի ուղղությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ-Հայ» և «Միջին Արևելք» կայքերի խմբագիր, Հալեպահայ ֆեյսբուքյան խմբի ադմին Հրաչ Քալսահակյանը:
Նրա խոսքով՝ Քեսաբի ողջ հայությունը ստիպված է եղել լքել իր հայրենի բնակավայրը և ապաստանել ծովափնյա Լաթաքիա քաղաքում, շատերն իջևանել են իրենց ազգականների կամ բարեկամների տներում, իսկ որոշ մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջաբակում:
Այսպիսով՝ հարյուրավոր հայ ընտանիքներ ստիպված հեռացել են Քեսաբից, այդ թվում նաև՝ այլ շրջաններից եկած որոշ թվով հայ ընտանիքներ, որոնք Քեսաբում ապաստան էին գտել վերջին երկու – երեք տարիներին:
«Զինյալ ընդդիմադիրները նախ սահմանային միջազգային անցակետից հարավ գտնվող «Լըղըջէօր» անտառային շրջանից մտան Քեսաբի շրջան և առաջ շարժվեցին՝ գրավելով Դուզաղաջ հայաբնակ շրջանը, որն արդեն մասամբ դատարկվել էր վերջին ժամանակաշրջանում, ապա բարձրացան դիմացի բլուրներն ու ձորերը՝ հասնելով մինչև «Էքիզօլուխ» և «Վերին Պաղճաղազ» շրջանները, որտեղից կտրել են Քեսաբից ծովեզերք տանող ճանապարհը»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերի մեջ զոհեր կամ վիրավորներ չկան:
Քալսահակյանը տեղեկացրեց, որ Քեսաբում մնացել են որոշ մարդիկ, ում ճակատագիրը հայտնի չէ, քանի որ ներկայում հնարավոր չէ նրանց հետ կապ հաստատել. «Քեսաբում են որոշ անձինք, ովքեր նախընտրել են այնտեղ մնալ, իսկ Քեսաբի գյուղերից Քարատուրանի ծովամերձ շրջանում մնացել են մի քանի ծերունիներ. նրանց ազգականները փորձում են նրանց գտնել և կարգավորել փոխադրման հարցը: Կապի հեռաձայնային միջոցները գործում են, բայց քանի որ տները լքված են, և այլ մարդիկ են այդ տներում, հեռախոսազանգերին պատասխանում են տները գրաված մարդիկ, իսկ քեսաբցիների հետ կարելի է կապվել բջջայինի միջոցով, սակայն նրանք մեծ մասամբ հիմա Լաթաքիայում են»:
Քեսաբի իրավիճակի մասին կարելի է ծանոթանալ տեսանյութի միջոցով՝









































