Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Նոր իշխանությունները վերարտադրում են հին արատավոր մշակույթը

Անկախությունից ի վեր հայ հասարակությունը հայտնվել է կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ճգնաժամի շղթայական շրջափուլի մեջ, որն իր հերթին հանգեցրել է գոյություն ունեցող կենսունակ արժեքների կազմաքանդման աստիճանական գործընթացին՝ մյուս կողմից էլ կանխարգելելով նոր արժեքներ ստեղծելու հասարակական միտումը: Այս ամենի կոնտեքստում մտավոր շրջանակների համար առաջնային է դառնում հետևյալ հարցադրումը՝ ո՞րն է ճգնաժամի պատճառը:

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում առաջին իսկ պատասխանը, որը մեր մտքով կանցներ, կլիներ հետևյալը. պատճառն այլասերված իշխանական վերնախավն է, ինչպես նաև տևական ժամանակ շարունակվող նրանց հակամշակութային վարքագիծը: Բայց իրավիճակի համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ արժեքներ բացառող վերնախավն ամենևին էլ պատճառի կարգավիճակ չուներ, այն ընդամենը հետևանք էր, որի արատավոր ներգործությունը, անշուշտ, էլ ավելի էր խորացնում ճգնաժամը: Պնդումն այս հիմնավորվում է այն պարզ հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն այլևս չկա, բայց արատավոր երևույթները շարունակում են տիրապետող դիրքեր զբաղեցնել:

Իսկ եթե վերնախավը հետևանք էր, ապա ո՞րն է ճգնաժամի բուն պատճառը: Որոշակի փաստերի համադրման արդյունքում կարող ենք փաստել, որ պատճառն առաջին հերթին մշակութային արատավոր միջավայրի առկայությունն է, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ դրա ամբողջական բացակայությունը: Այդ տեսանկյունից համակեցական միջավայրի ռեալիզացման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման, քանզի արատավոր միջավայրի ուղղակի և անուղղակի ներգործության արդյունքում կամ թույլ և ոչ հիմնային թիրախներ են ընտրվում, կամ էլ դրա զորեղ ազդեցությունը ստվերում և փոշիացնում է ամեն մի դրական տեղաշարժ:

Նախ նշենք, որ առաջին հերթին ձևախեղվել են մշակույթի վերաբերյալ հասարակական պատկերացումները, այն է՝ մշակույթն ինքնին սահմանափակված է առանձին ստեղծագործությունների, պատմական հուշարձանների կամ շինությունների և երաժշտության շրջանակներում: Վերոհիշյալները համակարգի առանձին ատրիբուտներն են և մշակութային միջավայրի համապատասխան դրսևորումները, բայց ոչ այն ամբողջական կառույցը, որն ուղղահայաց և հորիզոնական տարաբնույթ վեկտորներով ընդգրկում է կյանքի բացառապես բոլոր ոլորտները: Այսինքն՝ մշակույթը տարաբնույթ գործընթացների ֆունկցիոնալ ամբողջություն է, որը ձևավորում է համապատասխան միջավայր: Այս տեսանկյունից առաջնային պլան է մղվում այդ միջավայրի շարունակականության խնդիրը, որի ապահովման համար մշակույթը պետք է մշտապես խնդիրներ առաջադրի և գտնի դրա լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Առաջադրված խնդիրներից թերևս առաջնային պետք է լինի սահմանել ինքնության այն պոստուլատային դրույթները, որոնց հիման վրա պետք է կառուցվի համակեցական կառույցը:

Ներկայումս հայ հասարակության ինքնության հիմքում դրված են ցեղասպանությունն ու պատերազմը: Սա ինքնին մշակութային խաբկանք է, քանզի մահի և արյան վրա պարզապես հնարավոր չէ ձևավորել ինքնության կառուցակազմիկ համակարգ: Կյանքը ցույց է տալիս, որ այդ մոդելը դատապարտված է ձախողման, իսկ որպես վերջնական արդյունք՝ նաև արժեզրկման: Խնդիրն այն չէ, որ ձախողվում է փորձը, այլ դրա ձախողմանը զուգընթաց քարանում և կանխարգելվում է նաև հասարակության ստեղծագործական ճիգը: Մշակույթն այլևս չի կարողանում իր առջև խնդիրներ դնել, և արդյունքում ստեղծվում է վակուումային տարածություն, որն էլ, որպես կանոն, կլանում է հետադիմությունը, այլասերվածությունը և մղում առաջնային պլան: Մշակույթը կառուցվում է պոզիտիվ գաղափարների հիման վրա, որն ի զորու է ապրեցնել, դրա հիմքում ընկած է կյանքը, արարումը, գեղեցկությունը, բարին և այսպես շարունակ:

Հայերն իրենց մշակույթին վերաբերվում են ինչպես հանգուցյալի: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ոչ ոք դրա մասին չի խոսում ներկա ժամանակով, իսկ եթե խոսում է, ապա դրա բացակայության մասին. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մշակույթ են ունեցել հայերը»: Ահա այսպիսի նախադասությամբ ենք մենք դիմավորում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, բայց երբեք չենք ասում, թե ինչ ունենք այժմ: Հայաստանում գործում է հետևյալ սկզբունքը. հանգուցյալի հետևից՝ կամ լավը, կամ ոչինչ: Եթե ուշադրություն եք դարձրել, հայկական մշակույթի մասին խոսելիս նույնպես մենք խոսում ենք կամ լավը, կամ ոչինչ: Դեռ ավելին՝ հայերը շատ են սիրում հանգուցյալների պաշտամունքը՝ նրանց հաղորդելով բացառիկ և վերբնական հատկություններ: Ճիշտ նույնը կատարվում է նաև մշակույթի պարագայում: Երևի թե զբոսաշրջիկներն այնքան էլ կոռեկտ չեն համարում, որպեսզի հարցնեն, թե ո՞ւր է այդ մշակույթն այսօր, որտե՞ղ է, և վերջապես որտե՞ղ են դրա կրողները: Կամ էլ երևի հարցնում են և որպես պատասխան ստանում են հայկական մշակույթի «գլուխգործոց» խորովածը, չէ՞ որ ազգային ավանդույթ է, բոլոր դժվար հարցեր տվող արտասահմանցիների բերանը փակել ուտել-խմելու միջոցով:

Բայց ի վերջո ո՞ւր է կորել այդ մշակույթը: Հարյուրամյակներ շարունակվող ստրկական կարգավիճակի արդյունքում հայ ժողովուրդը փոշիացրեց ինչպես իր պետական ինստիտուտները, այնպես էլ՝ մշակութային ամբողջ միջավայրը: Վերածվեց կրոնաէթնիկական պարզունակ հանրույթի, որի սոցիալական միակ ցուցիչները կարող էին լինել ադաթը և կրոնը: Այսինքն` կտրվեց մշակութային համակարգի շարունակականությունը, և ժողովուրդը խզեց քաղաքակրթական կապն անցյալի հետ: Ասվածի վառ ապացույցն է Հովսեփ Էմինի հետ տեղի ունեցած խորհրդանշական դեպքը: Հայաստանի ազատագրության համար Հայաստան ժամանած Էմինը երկրի տարբեր հատվածներում շրջում էր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ձեռքին, որպեսզի մարդկանց մեջ արթնացնի հայրենասիրական ոգին: Բայց որքան էլ որ զավեշտական չհնչի, մարդիկ չճանաչեցին և չհասկացան, թե ինչ գիրք էր նրա ձեռքին: Մարդկության պատմության ընթացքում քաղաքակրթական այդպիսի խզումներն առավել քան օրինաչափ են, քանզի դրանց արդյունքում ազգերը ստեղծել են էլ ավելի զարգացած և կայացած մշակութային համակարգեր, ինչը չկատարվեց մեր պարագայում:

Վերջին ձևակերպումը կարող է դժգոհությունների տեղիք տալ, իսկ որպես հիմնավորում կբերվի Խորհրդային Հայաստանի մշակութային ժառանգությունը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այդ տարիներին մշակույթի ասպարեզում հանդես եկան բազմաթիվ հանճարեղ գործիչներ: Բայց նրանք բոլորն էլ՝ նույնիսկ ընդդիմադիր կեցվածք ունեցողները, պատկանում էին կայսրությանը: Նրանց հետ, թե առանց նրանց, Խորհրդային Հայաստանի քաղաքացին ամեն դեպքում կայսերական մշակութային միջավայրի կրողն էր: Մշակութային միջավայրը չէր փոփոխվում, դրա կենտրոնում առաջվա պես շարունակում էր մնալ հպատակության սինդրոմը:

Դա էր պատճառը, որ կայսրության փլուզումից հետո դրա հետ միասին անհետացավ նաև կայսերական մշակույթը:

Այսպիսի պայմաններում առաջացավ վակուումային տարածք, որը շարունակում է լցվել տարաբնույթ պատրանքներով և խաբկանքներով՝ իհարկե ոչ առանց լղոզված հայրենասիրության:

Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չստեղծվեց անկախությանը համահունչ մշակութային միջավայր: Այնպիսի մի միջավայր, որը կերաշխավորեր բնականոն կապն առաջին հերթին քաղաքացիների և հետո քաղաքացու և պետության, արվեստի և գիտության միջև: Միջավայր, որն ըստ էության պետք է կազմաքանդեր մարդկանց տներում ուրվականի պես շրջող ադաթները: Այս և այլ գործոնների բացակայությունը հանգեցրել է ֆունդամենտալիստական ծայրահեղ պատկերացումների: Արդյունքում՝ ինչ-որ բան ստեղծելու խնդիր երբեք չի դրվել, այլ վերստեղծելու: Եվ այդ վերստեղծելու, կատարյալը վերագտնելու հիվանդագին սինդրոմն ամորձատում է ստեղծագործական ճիգը՝ հանգեցնելով չբերության: Ունենք հետևյալ պատկերը՝ ո՛չ վերստեղծում են և ո՛չ էլ ստեղծում:

Ամփոփելով շարադրանքը՝ կարող ենք փաստել. մշակույթը չի սահմանափակվում միայն պոեմների և սիմֆոնիաների շրջանակներում, այն առաջին հերթին մարդկանց վարքագիծն է, փոխհարաբերվելու կերպը և այսպես շարունակ: Ներկայումս մարդկանց վարքագծի առաջնային դրսևորումն ոչնչացնելն ու ոչնչանալն է կամ դրա միտումը, իսկ դա արդյունք է մշակութային անառողջ միջավայրի: Միջավայր, որը ծնեց կամ բուծեց հակամշակութային և հակամարդկային այն հայտնի համակարգը: Վերջինս էլ առաջարկեց իր իդեալները, որոնք էլ մարդիկ ընդունեցին մեծագույն խանդավառությամբ:

Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձևավորելու ուղղությամբ՝ հույսները դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա: Դարձ ի շրջանս յուր կամ հավերժական շրջապտույտ նույն անպետք քարի շուրջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում