«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և քաղաքացիական մարտահրավերները» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկումը նպատակ ուներ ի մի բերել նոր համակարգի վերաբերյալ եղած տարբեր, երբեմն՝ հակասական տեսակետներն ու առաջարկները: Քննարկման կազմակերպիչ՝ «Հանրային ցանցի» համակարգող Թամար Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենք «պարտադիր» բառը չեն կիրառում, և դա ո՛չ թյուրիմացություն է, ո՛չ անգիտություն. իրենք պարզապես սպասում են ՍԴ վճռին՝ իրենց դիրքորոշումը ավելի հստակեցնելու համար:
«Պետական կառույցները սովորաբար, երբ հանրային քննարկման համար շրջանառվում են նախագծեր, սովորություն չունեն պաշտոնական մեկնաբանություններ տալու, սովորաբար ասում են, որ առաջարկներ չեն եղել, կամ ասում են, որ հակասում են առաջարկները, ուստի մենք խնդիր ունեինք նաև բերել ընդհանուր դաշտ և ամփոփել՝ ինչ առաջարկներ ու հիմնախնդիրներ են բարձրացվում տարբեր նախաձեռնողների, այդ թվում՝ ամենաակտիվ պայքարող «Դեմ եմ» շարժման և կուսակցությունների կողմից»,- ասաց նա:
Աբրահամյանը ցավով նշեց, որ Ազգային ժողովից ներկայացուցիչներ չեկան՝ չնայած հրավերին: Մերժումը նրանք պայմանավորել են ՍԴ վճռի բացակայությամբ: Թեև քննարկմանը ներկայացված էին նաև Պարտադիր կուտակայինի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման ակտիվիստների առաջարկները, վերջիններս, սակայն, չմասնակցեցին միջոցառմանը՝ նույն (ՍԴ վճռի բացակայության) հիմնավորմամբ:
Քննարկման ընթացքում, սակայն, մասնակիցներին միացավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա տեսակետ հայտնեց, որ ժողովրդին վերաբերող յուրաքանչյուր գործընթաց նախապես պետք է ուսումնասիրվի, որից հետո միայն որոշում կայացվի, և օրենքը խորհրդարան մտնի, իսկ ներկայումս եղած արձագանքը սպասելի ու արդարացված է:
Էնֆիաջյանը նշեց, որ հետագա քայլերը կորոշեն մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքից հետո:







































