Տարեսկզբին հայտարարված մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 20 հոգի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրվեց պրոդյուսեր «Շարմ» հոլդինգի տնօերն Կարեն Ղազարյանը: Հետհեղափոխական շրջանի շոու բիզնեսի առանձնահատկությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կ. Ղազարյանի հետ:
Յուրաքանչյուր երկիր ունի շոու բզնեսի իր գրված ու չգրված օրենքները, իր կնքամայրերն ու կնքահայրերը, և գաղտնիք չէ, որ նախկինում բազմաթիվ աստղեր ծագում կամ մարում էին իշխանության ֆավորիտիզմի հիմքի վրա, նրանք մասնակցում էին քաղաքական քարոզարշավների, նկարահանվում տեսահոլովակներում և ստանում կոչումներ: Ներկայիս իշխանություններն ազատ են թողել արվեստագետներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց ընտրության հարցում, և ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս երկու սուբյեկտների փոխհարաբերությունների միջև: Անդրադառնալով այս հարցին՝ Կ. Ղազարյանը նշեց, որ ոչ միայն շոու բիզնեսում, այլ արվեստի ցանկացած այլ ոլորտում աստղերը մարում կամ փայլում են միայն իրենց տաղանդի և հնարավորությունների արդյունքում: «Ուրիշ բան, որ ով տաղանդ ունի և հնարավորություն է տրվում ավելի շատ երևալ և մասնակցել տարբեր միջոցառումների, իհարկե, նրա հաջողության գրավականն ավելի մեծ է: Իսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ շատ հնարավորություն չեն ունենում երևալու, նրանց վերելքն այնքան էլ հաջող չի ստացվում, բայց եթե տաղանդ ունեն, միևնույն է, գտնում են իրենց ճանապարհը»- նշեց մեր զրուցակիցը:
Արդյո՞ք շոու բիզնեսում չկան աստղեր, որոնք աստղ են դարձել ինչ-որ մեկի դուստրը, մյուսի սիրեկանը կամ սիրուհին լինելու և նրանց ֆինանսական միջոցների ներդրման շնորհիվ: Այս հարցին ի պատասխան՝ Կ. Ղազարյանը նշեց, որ այդ ճանապարհով աստղ դառնալը բնորոշ է ոչ միայն մեզ, այլ ցանկացած այլ երկրի, սակայն այդպես ի հայտ եկած աստղերը ժամանակավոր են. «Մի պուճուր փայլում են և շատ շուտ հանգչում: Իսկ եթե իսկապես տաղանդ ունես, այդ ստարտից հետո սկսում ես փայլել: Հանրության սերը գնելն անանհնար է»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































