Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ նախօրեին համացանցում երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակի լուսանկարների տարածումը կարագացնի նրա մահվան հանգամանքների հետաքննության գործընթացը, հաղորդում է RIA Novosti-ն:
Նախօրեին YouTube-ում Հաքիմ Փաշա անունով ոմն օգտատեր հրապարակել է Ժվանիայի և Քվեմո Քվարթելի շրջանի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի դիակների լուսանկարները, որոնցում երևում են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:
«Այս կադրերի տարածումից հետո կարծում եմ՝ ամբողջ գործընթացը կարագացվի: Գլխավոր դատախազությունը ավելի ինտենսիվ կերպով է շարունակում հետաքննությունը, և շատ շուտով բոլորը կիմանան՝ ինչի հետ են գործ ունեցել»,- ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստից առաջ:
Հիշեցնենք, որ Ժվանիան և Յուսուպովը մահացած են հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին Թբիլիսիում:









































