Չնայած ԲՀԿ-ն երեկ մեծ հանդիսավորությամբ միացավ կառավարության հրաժարականի ոչ իշխանական ուժերի պահանջին, ԲՀԿ-ում ոչ բոլոր պատգամավորներն են տեղյակ, որ նման պահանջ գոյություն ունի: Հարցը նախապես ԲՀԿ-ականների հետ չի քննարկվել, նրանց կարծիքը որևէ մեկը չի հարցրել:
Ընդհանրապես, ԲՀԿ-ում կարծես գործելաոճ է, երբ ԲՀԿ քաղխորհրդի անդամները ԲՀԿ որոշումների մասին իմանում են հեռուստատեսությամբ կամ մամուլից: Մասիսից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ստեփանյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց, որ իր հետ կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել, և ինքը մամուլից է տեղեկացել այդ մասին:
«Ես մեկ շաբաթ է` ստեղ չեմ եղել, ինձ հետ ոչ մի բան չի քննարկվել»,- ասաց պատգամավորը: Մեր հարցին` տեղյա՞կ էլ չեք, որ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, Ստեփանյանը պատասխանեց. «Մամուլից եմ տեղեկացել: …Միգուցե քննարկվել է, ես էստեղ չեմ եղել»: Հարցրեցինք` իսկ ինքը կո՞ղմ է, որ կառավարության հրաժարականի հարց դրվի, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Եթե «Բարգավաճը» որոշել է, իհարկե կողմ եմ, ԲՀԿ-ի որոշմանը կողմ եմ»:
Լուսանկարը` PAN Photo-ի








































