«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ իշխող քաղաքական կուսակցության հետ առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում նաև շրջանառվող այն տեղեկություններին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տարաձայնություններ կան: «Ցանկացած կուսակցության ներսում կարող են լինել քաղաքական տարաձայնություններ, դա նորմալ է. կարծում եմ՝ կուսակցությունները պետք է ունենան ներքին ժողովրդավարություն և միատարր չլինեն բոլոր հարցերում: Միգուցե վերլուծաբանները դա նկատի ունեն, երբ նշում են տարաձայնությունների մասին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ երբեմն այդ տարաձայնությունները հրապարակային դարձնելը լինում է էմոցիոնալ, երբեմն մտածված:
Ա. Թորոսյանը հավաստիացրեց, որ ՔՊ ավրչության կազմի ընտրությունն ընթացել է «ժանրի կանոններով»՝ ազատ, թափանցիկ ժողովրդավար պրոցեսով և արտացոլել է ներկա պատվիրակների կամքը:
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության առաջադրած ԲԴԽ անդամի ձախողմանը ԱԺ-ում, Ա. Թորոսյանը նշեց.« Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ հրահանգ չկա խմբակցությանը, որ բոլորին կողմ կամ դեմ քվեարկեն: Թաքնված քարեր չպետք է փնտրել այդտեղ»:
Հարցին, թե ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն արդյոք հանկարծակիի է բերել նոր իշխանությանը՝ նախարարը պատասխանեց. «Վստահ եմ անսպասելի է եղել»:
«Կարծես թե ամեն ինչ գնում էր գծված պլանով, և հիմա խաղաքարտերը խառնվել են… Այս ճգնաժամը պետք է հանգուցալուծվի: Այս լողացող իրավիճակում այլևս հնարավոր չէ առաջ գնալ… ՍԴ-ն պետք է դառնա իրոք անկախ, իր լիազորությունները կատարի առանց կաշկանդվելու թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններից»,- ընդգծեց Ա. Թորոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: