Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական միացյալ էմիրությունների և Կատարի միջև քաղաքական ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ Դոհան չի փոխել իր քաղաքականությունւ իսլամիստների հանդեպ: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալ Ալ-Սաուդը «Ալ-Հայաթ» պարբերականին:
Արքայազնը հստակ հասկացրել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մյուս անդամ երկրները չեն ընդունում Կատարի քաղաքականությունն արտասահմանում՝ ուղղված այնպիսի քաղաքական ուժերի աջակցությանը, ինչպիսին «Մուսուլման եղբայրներ» շարժումն է:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի կողմից միջնորդական ջանքեր չե՞ն ցուցաբերվում ճգնաժամը լուծելու համար, սաուդցի դիվանագետը պատասխանել է, որ «ամերիկյան ոչ մի միջամտություն չկա»: Չի հիշատակվել նաև Քուվեյթի միջնորդական դերի հավանականությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հետ են կանչել իրենց դեսպաններին Դոհայից:









































