Եփրատի ափին գտնվող Տաբկա քաղաքում անցկացված հատուկ գործողության ժամանակ սիրիական զորքերն ազատել են 48 պատանդի: Այս մասին հայտնում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը: Հաղորդվում է, որ մարդկանց պատանդել էին «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» ծայրահեղական խմբավորման գրոհայինները, ովքեր վերահսկում են հյուսիսարևմտյան Ռաքքա նահանգի մեծ մասը:
Հալեպում սիրիացի զինծառայողներն ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ հետ են մղել արևմտյան Զահրա թաղամաս ներխուժելու գրոհայինների փորձը: Լիրամուն արդյունաբերական գոտում մարտը կատաղի բնույթ է կրել: Հակառակորդը հետ է մղվել: Սակայն ավելի ուշ գրոհայիններն ականանետային հարձակման են ենթարկել մեգապոլիսի բնակելի թաղամասերը: Ալ-Ազիզիայում կան զոհեր և վիրավորներ զինվորականների ու խաղաղ բնակիչների շրջանում:
Քուրդ գրոհայիններն էլ «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորման ավելի քան 40 ահաբեկչի են ոչնչացրել Սիրիայի հյուսիսային Սարին և Կարա-Կոզակ բնակավայրերի մոտ: Մարտը տեղի է ունեցել Եփրատի՝ Հալեպ և Ռաքքա նահանգներն իրար կապող կամրջի մոտ:
Դամասկոսի հարավում կրկին սրվել է իրավիճակը պաղեստինցիների Յարմուկ ճամբարում: Այնտեղ ներթափանցած զինված ծայրահեղականները հարձակվում են ինքնապաշտպանության ուժերի պարեկների վրա և ճամբարի մուտքերի մոտ գնդակոծում բանակային անցակետերը: Մարդասիրական օգնության մատակարարումը Յարմուկ երկուշաբթի դադարեցվել է:









































