ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, շփվել է տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ առանց այդ մասին պետքարտուղարությանը և իրեն տեղեկացնելու։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Թիլերսոնն ասել է, որ մի անգամ Քուշները հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայի հետ։ Այդ մասին նա իմացել է Վաշինգտոնում ռեստորանի սեփականատիրոջից։ Նրա խոսքով՝ ինքը ռեստորանում ընթրելիս է եղել, երբ նրան է մոտեցել սեփականատերը և ասել, որ այստեղ են նաև նախարարը և Թրամփի փեսան։ Եվ այդպիսի դեպքերը շատ են եղել։
Նա նշել է, որ Քուշներին խնդրել է դադարեցնել արտասահման ուղևորությունները՝ առանց դեսպանատան կամ պետքարտուղարության հետ խորհրդակցելու։











































