Ղրիմի հանրաքվեն երբեք չի ճանաչվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից, սակայն գոյություն ունի ճգնաժամի դիվանագիտական լուծման ուղի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն Սպիտակ տան հաղորդագրության՝ Օբաման ընդգծել է, որ Ղրիմի հանրաքվեն «խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը» և «երբեք չի ճանաչվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից»: Նա նշել է, որ առկա է դիվանագիտական ճանապարհով ճգնաժամի լուծման հնարավորություն՝ պահպանելով Ռուսաստանի և ուկրաինացի ժողովրդի շահերը:
«Նա նաև Ռուսաստանի օգնությունն է խնդրել միջազգային դիտորդների անհապաղ ուղարկման հարցում՝ օգնելու կանխել բռնությունը մարդկանց ցանկացած խմբի կողմից»,- ասել են Սպիտակ տանը:
Օբաման հավելել է, որ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի իշխանությունների հետ՝ դիվանագիտական ուղով ճգնաժամը լուծելու համար:








































