ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ից 22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի եւ տուրիզմի, ինչպես նաեւ կրթության նախարարների հրավերով կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ:
Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաեւ նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության եւ գիտության նախարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են մասնակից երկրների միջին մասնագիտական կրթության համակարգը, առկա խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանք լուծելու ռազմավարական ուղղությունները։
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նախարարի մի շարք հանդիպումներ մասնակից երկրների կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պատասխանատուների հետ, ինչպես նաեւ այցեր Բելառուսի ուսումնական հաստատություններ։