Մալայզիայի ոստիկանությունը հետաքննում է Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing ինքնաթիռի առևանգմանը առաջին օդաչուի մասնակցության վարկածը: Համաձայն վերջին տեղեկության՝ 53-ամյա Զաքարիա Ահմեդ Շահը, ով ընդդիմադիր կուսակցության կողմնակիցներից էր, կարող էր այդ կերպ քաղաքական բողոք արտահայտել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թռիչքից մի քանի ժամ առաջ օդաչուն ներկա է գտնվել դատական գործընթացին, որի ժամանակ Մալայզիայում ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
Օդաչուի գործընկերները պատմել են, որ Շահը ընդդիմադիր ակտիվիստ էր և ակտիվորեն աջակցում էր Իբրահիմին: Բացառված չէ, որ նա այդ կերպ իր համերաշխությունն է ցույց տվել կուսակիցներին, որոնք կարծում են, որ իրենց առաջնորդին դատապարտել են կեղծ ապացույցների հիման վրա: Հավանական է, որ այդ հանգամանքը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ Շահի վրա, ով էլ իր հերթին որոշել է արտահայտել իր բողոքը ինքնաթիռն առևանգելով:








































