Սերբիայում սկսվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Ինչպես հայտարարել է Հանրապետական ընտրական հանձնաժողովը՝ ձայնի իրավունք ունի 6.7 մլն մարդ:
Տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչև 20:00-ն երկրում կբացվեն 8.3 հազար ընտրատեղամասեր և ևս 90-ը՝ չճանաչված Կոսովոյի Հանրապետության տարածքում: Արտասահմանում բնակվող սերբերը կկարողանան ընտրություններին մասնակցել 20 երկրների 35 ընտրատեղամասերում՝ գրում է ITAR-TASS-ը:
Ընտրություններին մասնակցում են 19 կուսակցություններ, կուսակցական կոալիցիաներ և քաղաքացիական խմբեր, որոնք հավակնում են 250 պատգամավորական մանդատի:
Փորձագետները և վերլուծաբանները միաձայն կանխատեսում են, որ կհաղթի Սերբական առաջադիմական կուսակցության շուրջ ձևավորված կոալիցիան՝ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ:







































