Ոչիշխանական քառյակը ԱԺ-ում մի քանի ժամ շարունակ խորհրդակցելուց հետո կրկին որեւէ ընդհանուր հայտարարի չի եկել կառավարության պաշտոնանկության հարցը բարձրացնելու առումով: Ինչպես ասում են, հուժկու խորհրդակցությունները կշարունակվեն: Այս ամենն արդեն նույնիսկ մեկնաբանելն է դժվար, որովհետեւ ամեն ինչ առավել քան խոսուն է:
Այս ֆոնին տեղի են ունենում ԲՀԿ-ի նախաձեռնած հանդիպումները ոչիշխանական քառյակի ուժերի ներկայացուցիչների հետ, արդեն հանդիպել են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, կհանդիպեն ինչ-որ մի օր նաեւ «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն: Այս հանդիպումների նախաձեռնությունը գիտենք, որ ԲՀԿ-ինն է, եւ հանդիպումները տեղի են ունենում այսպես ասած՝ ԲՀԿ դաշտում: Քարոզչական մակարդակում սա ներկայացնում են գրեթե իշխանափոխությունից հինգ րոպե պակաս մի վիճակ:
Եվ ահա այս ֆոնին էլ ոչիշխանական ուժերի քառյակը հերթական անգամ համաձայնության չի գալիս գոնե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի ժամկետների շուրջ: Սակայն ասել, թե այսպիսով քառյակում ըստ էության ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ առաջ չի գնում, սխալ կլինի: Ահա թե ինչու մենք հիշատակեցինք այն ֆոնը՝ երկկողմ հանդիպումների, որ նախաձեռնել է ԲՀԿ-ն:
Բանն այն է, որ գործընթաց տեղի է ունենում եւ չնայած կառավարության անվստահության հարցն առաջ չի գնում քառյակի շրջանակներում, փոխարենը ԲՀԿ-ն բավական հմտորեն առաջ է մղում իր վստահության հարցը: Եվ որքան էլ հարաբերական լինի այս վստահություն ասվածը, ակնհայտ է, որ այդ հարաբերականությամբ հանդերձ՝ այն առաջ է գնում, եւ ԲՀԿ-ն քառյակում ավելի ու ավելի վստահ դիրքեր է սկսում զբաղեցնել, այսպես ասած՝ օրինականացնել, գրանցում տալ իր առաջատարությանը:
Այս իրավիճակում, որքան էլ տարօրինակ չհնչի մեր բարձրաձայնվող վարկածը, շատ հավանական է, որ ԲՀԿ-ն կառավարության պաշտոնանկության հարցի բարձրացումով իրականում շահագրգռված չէ: Շահագրգռված չէ այն պատճառով, որ այդ հարցը ներկայիս գործընթացի մեջ ավելորդ պատասխանատվություն է դնելու ԲՀԿ-ի վրա, ավելորդ անգամ առաջ է բերելու դրված նպատակի եւ դրան հասնելու արդյունքների համեմատության խնդիր, ինչը Սերժ Սարգսյանից հեռու մնացող ուժին բացարձակապես պետք չէ:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն գիտակցելով իր առաջատարությունը, հասկանում է նաեւ շատ լավ, որ ինչպես առաջատարությունն է այսպես ասած՝ ավելի շատ դափնիներ խոստանում, այնպես էլ անհաջողության կամ անարդյունավետ գործունեության հարցում ավելի մեծ է լինելու պատասխանատվությունը՝ մյուս երեք ուժերի համեմատ: Եվ ուրեմն ռիսկային քայլերը առնվազն այս պահին ԲՀԿ-ին բացարձակապես պետք չեն, քանի որ կարող են խանգարել քիչ թե շատ արդյունավետորեն լուծելու առաջին՝ սեփական վստահության խնդիրը:
ԲՀԿ-ի համար կարեւորն այստեղ գործընթացն է, որում նա լուծում է իր վստահության հարցը եւ լուծում է բավական հաջող կերպով: Հասկանո՞ւմ են այս ամենը մյուս ուժերը, թե ոչ՝ դժվար է ասել, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողների ադեկվատության առումով կասկածի հիմքերը չափից շատ են փոքր դաշտի համար: Սակայն քիչ չէ նաեւ հավանականությունը, որ այնուամենայիվ հասկացողները շատ են: Բայց որ հասկանում են, ճարներն ինչ: Ի՞նչ պիտի անեն առանց ԲՀԿ-ի։ Ինչպես ասում են՝ ԲՀԿ-ն մեր քաղաքական դաշտի միտքը, պատիվն ու խիղճն է, եւ մնալ առանց ԲՀԿ-ի, կնշանակի մնալ անմիտ, անպատիվ ու անխիղճ, ինչպես իշխանություններն են այսօր մնացել: Որեւէ քաղաքական ուժի բնականաբար չի կարող ոգևորել նման հեռանկարը







































